Թաթոյանը ներկայացրեց՝ որ երթուղիները տեսականորեն կարող են այլընտրանք դառնալ «Լարսին»
«Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետին տեսականորեն կարող է այլընտրանք դառնալ մուլտիմոդալ երթուղին Տրանսկովկասյան մայրուղով։ Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում հայտարարեց Ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Արայիկ Թաթոյանը:
Ներկայում հայկական ապրանքները ռուսական շուկաներում են հայտնվում Ռազմավիրական ճանապարհով, որը եղանակային վատ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է: Տրանսկովկասյան ավտոմայրուղով անցնող ճանապարհը Հայաստանի և Ռուսաստանի կապի համար «Լարսին» այլընտրանքային 7 երթուղիներից մեկն է։ Սակայն քաղաքական և ենթակառուցվածքների բացակայության պատճառներով ներկայում այն փակ է։
Թաթոյանը մատնանշեց Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունն ու ճանապարհի պարբերական փակումը՝ կապված եղանակային վատ պայմանների հետ: Հիշեցնելով «Լարսում» գծերի ավելացման մասին, Թաթոյանը դրա հետ մեկտեղ նշեց այլընտրանքային ուղիների գործարկման անհրաժեշտությունը։
«Այսպիսով, նոր լոգիստիկ ուղիներ կարող են դառնալ Աբխազիայով, Հյուսիսային Օսիայով, Հարավային Դաղստանով և Չեչնիայով անցնող երթուղիները։ Դրանցից առավել նախընտրելի է «Նիժնի Զարամագ» անցակետով անցնող ճանապարհը (միակը, որ գոյություն ունի Հարավային Օսիայի հետ սահմանային անցումում, - խմբ.), - ասաց նա։
Թաթոյանը նշեց, որ տարեսկզբից որոշում է կայացվել այն վերակառուցելու մասին։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ, որոնց ավարտից հետո «Նիժնի Զարամագի» թողունակությունը կավելանա գրեթե 8,8 անգամ և կկազմի օրական 2630 տրանսպորտային միջոց (ներառյալ 100 բեռնատար, 170 մարդատար և 30 ուղևորատար մեքենաներ, իսկ երթևեկության գոտիների թիվը կհասնի 18-ի):
Բացի այդ, Տրանսկովկասյան մայրուղով ճանապարհն ավելի հարմար է համեմատաբար բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։ Հյուսիսային Օսիայի Նար գյուղի և Հարավային Օսիայի Վերխնի Ռուկ գյուղի շրջանում Նիժնի Զարամագ-Ռոկի բազմակողմ անցակետերի գործարկման և կառուցման հարցը ՌԴ-ի կողմից հավանության էր արժանացել դեռևս 2010 թվականին: Այդ ժամանակից ի վեր, սակայն, հարցը մնում է բաց:
Որպես այլընտրանք կարող է ծառայել նաև Բաթումից դեպի ռուսական նավահանգիստներ կոնտեյներային հաղորդակցության գործարկումը։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը, Վրաստանի տարածքով, Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Վիճակագրության համաձայն՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Sputnik Արմենիա