Բոլորիդ կհեռացնեմ. Ջալալ Հարությունյանի գործով դատավորը զգուշացրեց նիստի մասնակիցներին

Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով վերաքննիչ քրեական դատարանում հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 11-ին ժամը 10։00-ին։ Այսօր ելույթներով հանդես եկան նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն ու նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանը։

Վերջինի ելույթում հնչող հայտարարությունները հունից հանեցին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։

«Ով ինչից խոսում է, Դուք գնում եք մեղադրանքի հիմնավորվածությանը»,-ասաց նախագահող դատավորն ու ներկայացրեց վերաքննիչում անելիքները։

Մ. Պապոյանը նիստին ներկա զոհված տղաների ծնողներին, հարազատներին հորդորեց, նաև պահանջեց ռեպլիկներ չանել, որպեսզի կարողանան ապահովել սեղմ ժամկետում չորս բողոքների քննությունը։

«Բոլորիդ կհեռացնեմ»,-զգուշացրեց դատավորը։

Գեներալ-լեյտենանտ Հարությունյանն իր խոսքում ասաց, որ տուժողներն ու նրանց պաշտպանը փորձում են իր խոսքը խեղաթյուրել, ասաց նաև, որ 250 կմ շառավղով ռազմական գործողությունների պայմաններում ՊԲ հրամանատարը հնարավոր չէ, որ իմանա ինչ-որ դիվիզիոնի դիտակետերի մասին։

Panorama.am