Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱՅՆ «ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ» ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՂԱԴՐՎԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ

Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

- Տիկին Սահակյան, երեկ հրապարակվեց Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանի՝ Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը Վարդանյանի մեղադրական եզրակացության վերաբերյալ: Քանի որ առաջին անգամ է, որ նման բան է տեղի ունենում, ինչպե՞ս կգնահատեք երևույթն ընդհանարապես, և ո՞րն է հայտարարության հիմնական ուղերձը:

- Նախ կցանկանայի նշել, որ այս հայտարարության հրապարակումն ինքնին աննախադեպ քայլ է: Ադրբեջանում փաստաբանական համայնքը գտնվում է մշտական ճնշումների ներքո, և խախտումները պետք է լինեն աղաղակող, որպեսզի փաստաբանները բարձրաձայնեն դատական համակարգի խնդիրների վերաբերյալ: Ուստի այս հայտարարությունն ինքնին վկայում է, թե ինչպիսի անելանելի դրության մեջ է գտնվում նաև փաստաբանն իր վստահորդի պաշտպանությունն Ադրբեջանում կազմակերպելիս:

Իհարկե, պետք է նշել, որ հայտարարությունը բավականին զուսպ է և խիստ մասնագիտական, այն չի պարունակում ուղիղ քննադատություն իշխանության հասցեին, և հասկանալի է, որ փաստաբանը մնացել է մասնագիտական հարթության մեջ՝ խուսափելու հետագա բռնաճնշումներից:

Այս հայտարարությունը, եթե կարճ ասեմ, այն մասին է, որ Վարդանյանին ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ հիմքից: Իրականում չկան այնպիսի փաստեր, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ, և որոնք կարող են պատիժ առաջացնել Ռուբեն Վարդանյանի պարագայում: Այն արարքները, որոնք որակվում են քրեական հանցագործություններ, յուրաքանչյուրիս գործունեության անխուսափելի մաս են կազմում, և , եթե այդ արարքները պետք է ստանան քրեաիրավական որակում, ապա դա կարող է սպառնալ յուրաքանչյուրիս: Այսինքն՝ այն «հանցանքների» համար, որոնց մեջ մեղադրվում է Ռուբեն Վարդանյանը, կարող ենք մեղադրվել յուրաքանչյուրս:

Հայտարարության մեջ անդրադարձ կա անհատական պատասխանատվության հարցին: Պետք է նշել, որ ողջ մեղադրանքը հիմնվում է Արցախի Հանրապետության ինքնահռչակման փաստի վրա: Այստեղ ամբողջովին վերլուծվում են Արցախի իշխանությունների գործողությունները, անկախության հռչակումը որակվում է որպես անթույլատրելի գործունեություն, և որպես հետևանք, փորձում են քրեաիրավական հետևանքներ առաջ բերել բոլոր այն հայերի համար, ովքեր որոշակի չափով, որոշակի ժամանակահատվածում մասնակցություն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարմանը:

Սա իրապես հակասում է կարևորագույն սկզբունքի՝ անհատական պատասխանատվությանը: Եվ ստացվում է, որ ժողովրդի քվեով ինքնորոշված Արցախի օրինական գործունեության համար պատասխանատվության են կանչվում անհատներ, թեև ինքնուրույնաբար նրանք որևէ հանցավոր գործունեություն չեն իրականացրել:

Ուշագրավ է նաև, որ այն բարեգործական, մարդասիրական գործունեությունը, որը ծավալվել է Արցախի չճանաչված հանրապետությունում, ևս որակվում է որպես քրեորեն պատժելի արարք և, եթե մենք այդ տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը մարդասիրական գործունեություն է իրականացրել Արցախում, ևս կարող է քրեական սպառնալիքների ենթարկվել:

Փաստաբանը այստեղ հստակ վկայակոչում է, որ քրեորեն պատժելի արարքները որոշակիորեն են սահմանված քրեական օրենսգրքում: Եթե առանձին գնահատում ենք Ռուբեն Վարդանյանի գործողությունները, ապա դրանք որևէ հանցակազմի ներքո չեն, և սա է պատճառը, որ քրեական մեղադրանքը չունի որոշակիություն և կոնկրետ հիմք:

- Վարդանյանի փաստաբանը նաև դատավարական խախտումների մասին է նշում:

- Այո, հայտարարությունում առանձնահատուկ կերպով շեշտադրված է պաշտպանություն իրականացնելու խնդիրը: Իհարկե, նախորդիվ դատական նիստերի ընթացքում էլ փաստաբանը բազմիցս բարձրաձայնել է պաշտպանության իրավունքի սահնմանափակումների հարցը: Օրինակ այն, որ զրկված են եղել մեղադրանքին ամբողջ ծավալով ծանոթանալու հնարավորությունից կամ պաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ են եղել գործիքներ (ինտերնետ հասանելիություն կամ գրառումներ անելու հնարավորություններ, դիդակտիկ նյութեր ցուցադրելու անհրաժեշտություն), և այս հնարավորությունից պաշտպանական կողմը զրկված է եղել: Ընդհանուր խնդիր է նաև պաշտպանական կողմի միջնորոդությունների մերժումները: Այս պարագայում մենք չենք տեսնում նաև մրցակցայնության և իրավահավասարության սկզբունքի պաշտպանություն: Կարծես թե մեղադրանքի կողմը իր դոմինանտ դիրքով հանդես է գալիս դատավարություններում և մեղադրանքի միջնորդություններն ամբողջովին բավարարվում են ու կանխորոշում է ապագա դատական գործի ելքը, մինչդեռ պաշտպանությունը զրկված է միջնորդություններ ներկայացնելու կամ դրանց ներկայացված լինելու պարագայում բավարարվելու հնարավորությունից, ինչը իր հետևանքն է թողնում նաև պաշտպանության իրավունքի իրացման վրա: Բայց այստեղ կարծում եմ, որ սա միակ խախտումը չէ: Վկայակոչվում է նաև անմեղության կանխավարկածը և պատշաճ թարգմանություններ ստանալու և այլ դատավարական երաշխիքներ:

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփեմ, այս հայտարարությունն այն մասին էր, որ իրական մեղադրանք չկա, իրական արարքներ գոյություն չունեն և այս դատավարություններում ոչ թե անձանց վարքագծում առկա գործողություններ են քննարկվում, այլ վերացական հարցեր, որոնք կապված են հակամարտության հետ, և որ այս դատավարությունն ամբողջովին ուղեկցվել է արդար դատաքննության երաշխիքների բազմաթիվ խախտումներով:

- Ստացվում է, որ Ռուբեն Վարդանյանին մեղսագրվող մեղադրանքները հակասում են և՛ միջազգային կոնվենցիաներին, և հենց Ադրբեջանի քրեական օրենսգրքի՞ն:

- Այո, իրավացի եք, որովհետև կոնկրետ արարք, որը իր բնույթով հանրային վտանգավորություն կունենա, վերագրված չէ: Այսինքն՝ ոչ թե դատավարություններում քննարկման առարկա են դարձնում Ռուբեն Վարդանյանի կոնկրետ գործողությունները, այլ ընդհանուր իրավիճակը: Այսինքն, Արցախի ինքնորոշումն և ինքնորոշված Արցախում վարչակազմի կողմից բազմաբնույթ գործողությունները Ադրբեջանի կողմից որակվում են որպես ոչ օրինական գործունեություն: Սակայն ադրբեջական կողմը չի կարողանում մատնանշել կոնկրետ արարքներ, որոնք կատարել է Վարդանյանը, և որոնք իրենց մեջ կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ, օրինակ՝ չի կարողանում վկայակոչել, որ կոնկրետ վայրում, կոնկրետ ժամանակահատվածում Վարդանյանը տվել է ապօրինի հրաման, կամ իր ներգրավվածությամբ որևէ անձ զրկվել է կյանքից: Այսինքն, նման կոնկրետ արարքներ դուրս բերված չեն: Մեղադրանքը քննարկում է ընդհանուր վիճակ, և այդ վիճակի պատասխանատվությունը փորձ է արվում դնել Ռուբեն Վարդանյանի ուսերին, ինչը անթույլատրելի է թե՛ միջազգային իրավունքի սկզբունքներով, և թե՛ ադրբեջանական քրեական օրենսդրությամբ: Այսինքն՝ կոլեկտիվ, ընդհանուր գործողությունների իրավիճակի համար անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, անձը կարող է մեղադրվել կոնկրետ հանցակազմ պարունակող արարքների համար, որոնցում նրա անհատական մասնակցությունն ապացուցված է:

News.am