Հուսով եմ` դժվարությունները կհաղթահարենք․ Կարելինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
ՌԴ սենատոր Ալեքսանդր Կարելինը հուսով է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կկարողանան անցյալում թողնել անախորժությունները և ապրել բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի շրջանակում։
«Կարծում եմ` ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության շահագրգռվածությունը։ Դրա վկայությունն է նաև Վալենտինա Մատվիենկոյի այցը, լայն ծրագիրը... Դա խոսում է այն մասին, որ շահագրգռված ենք բարի, փոխշահավետ հարաբերություններով», - ասաց Կարելինը:
Նրա խոսքով` դրա վկայությունն է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։
«Այդ պատճառով հուսով եմ, որ մենք այս բոլոր դժվարությունները (այլ կերպ չեմ ուզում դրանք անվանել) կհաղթահարենք, և ամեն ինչ կլինի բարիդրացիության, բարեկամության, փոխըմբռնման և մեր ընդհանուր պատմության հավատարմության ոգով։ Հատկապես Մեծ hաղթանակի 80-ամյակի տարում մենք հենց այդ մասին պետք է խոսենք», - նշեց Կարելինը։
Նրա կարծիքով՝ երկու երկրների հարաբերությունների մակարդակը հետագայում շարունակաբար կբարձրանա. դրան հասնելու համար գործադրվում են բոլոր ջանքերը։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ–ի ընդունած` ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրինագծին, ապա սենատորն այն ավելի շատ վերագրում է նախընտրական աժիոտաժին:
«Ես` որպես ընտրական գործընթացների մասնակից, պետք է ասեմ, որ ընտրությունները գալիս են և գնում։ Բայց ընթացիկ, պատասխանատու կյանքը շարունակվում է։ Հետևաբար նույնիսկ եթե բարձրագոչ խոստումները կարճաժամկետ օգուտներ են խոստանում, պետք է զերծ մնալ դրանցից և ողջախոհ մնալ, կրկնում եմ՝ մեր ընդհանուր ձեռքբերումների ոգով», - ասել է ռուս սենատորը։
Նշենք, որ Ալեքսանդր Կարելինը Հայաստան էր ժամանել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության կազմում: