ԱՄՆ դատարանը Թրամփին թույլատրել է լրագրողներին չթողնել Օվալաձև աշխատասենյակ

Դաշնային վերաքննիչ դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրագրողներին թույլ չտալ մտնել Օվալաձև աշխատասենյակ, Air Force One ինքնաթիռ և այլ «սահմանափակ մուտքով տարածքներ»՝ ելնելով նրանց խմբագրական որոշումներից, հայտնում է Bloomberg-ը։

Ուրբաթ օրը Վերաքննիչ դատարանը երկու կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված իր վճռով բեկանել է ստորադաս ատյանի դատավորի որոշումը։ Խոսքը վերաբերում է այն որոշմանը, որը նախկինում վերականգնել էր Associated Press գործակալության իրավունքը՝ մասնակցելու նախագահի ամենօրյա տեղաշարժերը լուսաբանող լրագրողների ռոտացիոն խմբի աշխատանքին։ Սակայն վերաքննիչ դատարանի որոշումը Թրամփի վարչակազմի համար հաղթանակ ապահովեց մուտքի թույլտվության համար պարբերականի դեմ պայքարում։

Մեծամասնության եզրակացության մեջ դատավոր Նեոմի Ռաոն գրել է, որ ստորադաս ատյանի դատարանի որոշումը «ոտնձգություն է նախագահի անկախության և նրա անձնական աշխատանքային տարածքների նկատմամբ վերահսկողության դեմ»։

«Մեր երկրի ողջ պատմության ընթացքում նախագահները կարևորագույն հանդիպումներ են անցկացրել և պատմական որոշումներ են կայացրել Օվալաձև աշխատասենյակում և Air Force One ինքնաթիռում։ Երբեմն նրանք հրավիրել են մամուլին՝ դիտարկելու համար։ Սակայն նախագահական այս սահմանափակ տարածքները Առաջին ուղղման հարթակներ չեն, և նախագահն իրավունք ունի որոշելու, թե ով կարող է մուտք գործել դրանք», - գրել է Ռաոն, որին միացել է դատավոր Գրեգ Կատսասը։

Միևնույն ժամանակ, կոլեգիան ուժի մեջ է թողել սկզբնական որոշման մի մասը։ Այն պահանջում էր, որ AP-ն շարունակի մուտք ունենալ Սպիտակ տան Արևելյան սենյակ, որը սովորաբար բաց էր լրագրողների ավելի լայն շրջանակի համար։

Նշվում է, որ Ռաոյին և Կատսասին առաջադրել էր Թրամփը՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետում։ Երրորդ դատավորը՝ Նինա Փիլարդը, որը նշանակվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, իր անհամաձայնությունն է հայտնել որոշմանը։

News.am