Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ՏԵՍՆՈՒՄ Է՝ ՈՐՈՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի եթերում քաղաքագետ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և ընդգծել, որ Հայաստանում կան իշխանությունների հետ կապված ուժեր, որոնք խաղադրույք են կատարում հարաբերությունների դեգրադացիայի վրա։
«Իմ կարծիքով՝ ռուս-հայկական հարաբերություններում խնդիրներ իսկապես կան: Ակնհայտ է որոշակի երկակիություն․ մի կողմից, հայտարարություններ են հնչում, որ ամեն ինչ լավ է, մյուս կողմից էլ՝ մենք հասկանում ենք, որ տեղեկատվական ֆոնը հեռու է դրական լինելուց, և այն ձևավորում է, ի թիվս այլոց, Հայաստանի իշխանությունը։ Եվ այս բոլոր հայտարարությունները պատահական չեն։
Կարծում եմ՝ ռուսական կողմը տեսնում է, թե որոնք են սկզբնաղբյուրները, և գիտակցում է ընթացիկ հարաբերությունների բարդությունը։ Այնուամենայնիվ, ներկայիս պայմաններում փորձեր են արվում՝ շեշտը դնելու դրականի վրա և օգտագործելու դեռ չիրացված ներուժը։ Կցանկանայի նշել տարածաշրջանային համագործակցությունը, օրինակ՝ Միջտարածաշրջանային ֆորումը, որը կարող է խթան հանդիսանալ կոնկրետ լուծումների համար»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ Մոսկվան հիանալի հասկանում է, թե որտեղից են թելադրվում Հայաստանի ներկայիս իշխանության այսպես կոչված ազդակները։
«Սա ակնհայտ է, և Մոսկվան, իհարկե, դա հասկանում է: Խոսքը Հայաստանի իշխանությունների կողմից ազդանշանների մասին է`բացահայտ և անուղղակի: Երբեմն Ռուսաստանն ուղղակիորեն չի նշվում, բայց «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն այլ բան են ասում։ Կան ուժեր, որոնք խաղադրույք են կատարում հարաբերությունների դեգրադացիայի վրա։ Ռուսաստանը դա հաշվի է առնում։ Սակայն հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ առևտրատնտեսական կապերը մնում են երկխոսության հիմքը։ Դրա շուրջ կառուցվում են նաև այլ ձևաչափեր, ներառյալ՝ ԵԱՏՄ-ն և երկկողմ օրակարգը։ Թե որքանով է կայուն այս մոտեցումը, ժամանակը ցույց կտա»,- հավելել է Անդրեյ Արեշևը։