Մասկը Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին մտադիր է ԱՄՆ-ում նոր կուսակցություն ստեղծել
Միլիարդատեր Իլոն Մասկը Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին հայտարարել է ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ Մասկը X սոցցանցի իր էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Դրա օգտին հանդես է եկել հարցվածների 80,4 տոկոսը, ընդամենը մեկ օրում հարցմանը մասնակցել է ավելի քան 5,6 մլն օգտատեր:
«Մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը։ Ամերիկային նոր քաղաքական կուսակցություն է պետք՝ ներկայացնելու համար նրանց 80 տոկոսը, ովքեր մեջտեղում են (դեմոկրատների և հանրապետականների միջև- խմբ.): Եվ հենց հարցվածների 80 տոկոսն էլ համաձայնել է։ Դա ճակատագիր է», - գրել է Մասկը։
Իր հաջորդ հրապարակման մեջ Մասկը հավանաբար բացահայտել է կուսակցության ապագա անվանումը՝ America Party («Ամերիկա» կուսակցություն)։
Ավելի վաղ Մասկի և Թրամփի միջև հրապարակային վիճաբանություն էր տեղի ունեցել ԱՄՆ նախագահի առաջարկած բյուջետային նախագծի պատճառով, որը Մասկը անվանել էր «զզվելի նողկանք»:
Գործարարը կոչ է արել «սպանել օրինագիծը», իսկ Թրամփը պատասխանել է, որ հիասթափված է Մասկից, քանի որ «նրա համար շատ բան է արել»:
Դրանից հետո Մասկը կարծիք է հայտնել, որ հենց իր շնորհիվ է Թրամփը դարձել նախագահ, իսկ հանրապետականները վերահսկողություն են ձեռք բերել կոնգրեսի երկու պալատների նկատմամբ:
Նախագահի հետ անհաշտության պատճառով Մասկի Tesla ընկերության բաժնետոմսերի գնանշումները հունիսի 5–ին կայացած աճուրդում նվազել են 14 տոկոսով:
Sputnik Արմենիա