Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել է ավելի քիչ արձագանքել իշխանությունների վարկաբեկող հայտարարություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու և հոգևորականության աշխարհիկ կյանքի մասին անպարկեշտ արտահայտություններով հրապարակումներին, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն ամեն օր հրապարակում է կաթողիկոսի երեխա ունենալու մասին գրառումներ, Գարեգին Երկրորդը որոշել է չպատասխանել նրա հայտարարություններին»,- գրում է լրատվականը։

Հրատարակության համաձայն՝ Փաշինյանը վերջին կուսակցական ժողովներում հայտարարել է, որ իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե ի՞նչ է կատարվում եկեղեցիներում և հոգևորականների կյանքում, ինչպես նաև գնահատեն, թե ինչպե՞ս պետք է պատժվի Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կուսակրոնության երդման հնարավոր խախտումը։

Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։

Armenia Today