Խաթիբ․ Իսրայելից հայթհայթած տեղեկության շնորհիվ Իրանը կարող է ամրապնդել ռազմական ներուժը

Իրանի հետախուզության կողմից Իսրայելի միջուկային արդյունաբերության վերաբերյալ ստացված տվյալները զգալիորեն կամրապնդեն Իրանի ռազմական կարողությունները: Այս մասին, ինչպես տեղական ԶԼՄ-ներին վկայակոչելով հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտարարել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Էսմայիլ Խաթիբը։

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը երկրի ատոմային ոլորտի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի լայն ցանկ է ձեռք բերել Իսրայելում:

«Ստացվել և Իրանին են փոխանցվել միջուկային ոլորտի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների և այլ պետությունների հետ կապված փաստաթղթեր։ Դրանց թվում կան նաև այնպիսիք, որոնք կամրապնդեն պետության հարձակողական հնարավորությունները», – ասել է Խաթիբը։

Նա նշել է, որ Իսրայելում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ - խմբ.) գործակալական ուժերը ատոմային ոլորտի հետ կապված հազար ռազմավարական և գիտական փաստաթղթերի մասին «հետախուզական տեղեկատվության մի ամբողջ գանձարան» են ձեռք բերել:

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները որոշել են ձեռք բերված մի շարք փաստաթղթեր հրապարակել ԶԼՄ-ներում, դա կարող է տեղի ունենալ ամենամոտ ապագայում:

Sputnik Արմենիա