ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԸ

Այս օրերին Հայաստանում սուր և ծայրաստիճան լարված գործընթացներ են տեղի ունենում, որոնց աղմուկը հասել է մինչև միջազգային հարթակներ: Փաշինյանն ու նրա գուգընկերուհին հռետորական ուժգին արշավ են սկսել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևորականության: Ընդ որում՝ անթույլատրելի եզրաբանությամբ ու անպարկեշտ բառապաշարով, ինչը հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային, առավել ևս՝ պետության առաջին դեմք հանդիսացող անձին: Նա էլ հենց խոսույթի նախաձեռնողն էր և անընդհատ «կրակին յուղ լցնողը», իսկ թեման խիստ զգայուն է ու առնչվում է Եկեղեցուն՝ մեր ազգային ինքնության հենասյուներից մեկին, ինչպես նաև յուրաքանչյուր հայ ընտանիքի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը մայիսի 29-ին Կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ համեմատելով դրանք «աղբով լի չուլանների» հետ։ Սրբապղծություն է, անշուշտ, նման որակումը, և հոգևոր դասի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես հարկն է, արձագանքեցին չափն անցած գործադիրի ղեկավարին՝ զսպվածության կոչ անելով նրան: Բայց Փաշինյանն ու նրա հետ համատեղ բնակվող տիկինը հաջորդ իսկ օրը սոցցանցերում տարածեցին ավելի հանդուգն որակումներ՝ կուսակրոն հոգևորականներից մեկին մեղադրելով քեռակնոջ հետ սեռական կապի, իսկ մյուսին՝ մանկապղծության համար:

Այնուհետև վեճն ավելի բորբոքվեց՝ ընդլայնելով իր տեսածիրն ու ներառելով իր մեջ իշխող կուսակցապետի ու նրա զուգընկերուհու անբարո վարքագիծն արդարացնող ՔՊ-ական անհայրենիք զանգվածին ու վճարովի «ֆեյքերին», որոնք սկսեցին մաղձ ու ատելություն տարածել Հայոց եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների հասցեին: Փաշինյան-Հակոբյան զույգը, այդպիսով, որոշակի ստորակարգ խմբերի աջակցությամբ և իրենց կողմից հովանավորվող քարոզչամիջոցներով փորձում էր ինչ-որ չափով համակշռել հանրության բուռն վրդովմունքը: Բայց հարց է ծագում՝ այս ի՞նչ մեղու խայթեց իշխող զույգին, ինչո՞ւ հանկարծ այսքան ցած իջան՝ չնայած «բարձրում» երբեք չեն էլ եղել:

Շաբաթվա ժամանակագրությունն այս հարցերին, կարծես թե, սպառիչ պատասխան է տալիս: Մայիսի 26-28-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Շվեյցարիայում էր և մասնակցում էր իր առաջարկով Բեռնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կազմակերպած միջազգային համաժողովին, որը կրում էր՝ «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր-մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» խորագիրը: Վեհափառ Հայրապետը խոսել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների և Արցախի բռնազավթման մասին, քննադատաբար արծարծել հայկական հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների ոչնչացման և Բաքվում պահվող հայ գերիների շուտափույթ տունդարձի խնդիրները:

Իրականում Վեհափառը Բեռնում արել էր այն, ինչն ի պաշտոնե պարտավոր է, բայց չի անում Կառավարությունը՝ զգուշանալով Ալիևի բարեհաճությունը կորցնելու և մոտեցող ընտրություններին ընդառաջ առանց խաղաղության «բարաթի» մնալու մտավախությունից: Ամենայն Հայոց Հայրապետը խառնել է Փաշինյանի հաշվարկները, տրորել Ալիևի «ոտքը», ուստիև չներվեց: Հիմա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Կաթողիկոսի պաշտոնական գործունեությունը կասեցնելու միջոցներ է մտմտում, որի իրավասությունը չունի: Մայիսի 31-ին և հունիսի 2-ին նա «ՖԲ»-ի իր էջում մի շարք հայտարարություններ է արել Հայ Եկեղեցու հասցեին, որոնք թե՛ վիրավորական են և թե՛ ուղղակի միջամտություն Եկեղեցու ներքին գործերին։

Փաշինյանը՝ թեկուզ Սահմանադրական կարգի տապալման գնով, պատրաստ է վերացնել իր իշխանության սպառնացող ցանկացած խոչընդոտ: Նա յուրացրել է իշխանության բոլոր առանցքային ճյուղերն ու հաստատությունները՝ ԱԺ-ն, ՍԴ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Բանակը, Նախագահականը, Դատաիրավական համակարգը և այլն: Հերթում Եկեղեցին է՝ վերջին ամրոցը, որն արդեն 7 տարի միայնակ դիմակայում է իշխանական ճակատից հնչող ճամարտակություններին: Բոլորիս պարտքն է՝ զինվորագրվել Սրբազան պայքարին, կանգնել Վեհափառ Հայրապետի կողքին: Վերջին ամրոցը, վերջին խրամատը պետք է պաշտպանենք ազգովի, պաշտպանենք կրծքով: Այլապես սերունդները մեզ չեն ների:

Acnis.am