22 նահանգների ղեկավարներ դատապարտել են Լոս Անջելեսում Ազգային գվարդիա մտցնելու Թրամփի որոշումը

ԱՄՆ 22 նահանգների դեմոկրատ նահանգապետերը քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի մարտիկներ ուղարկելու վերաբերյալ։

«Նախագահ Թրամփի որոշումը՝ Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի [ուժեր] մտցնելու վերչաբերյալ իշխանության չարաշահման տագնապ է առաջացնում։ Նահանգապետերն իրենց ազգային գվարդիաների գլխավոր հրամանատարներն են։ Դաշնային կառավարության գործողությունները ազգային գվարդիականների տեղակայման ուղղությամբ՝ առանց նահանգապետի հետ համաձայնեցման, անարդյունավետ և վտանգավոր են»,- նշվել է նահանգապետերի համատեղ հայտարարությունում։

Նրանց կարծիքով՝ անկարգությունների դեմ պայքարելու համար «ծովային հետևակի զորքեր ուղարկելու սպառնալիքով» Թրամփը ցույց է տալիս վստահության պակաս «տեղի իրավապահ մարմինների նկատմամբ»։ «Մենք աջակցում ենք [Կալիֆոռնիայի] նահանգապետ Գևին Նյուսոմին, որը հստակ հայտարարել է, որ բռնությունը չի հանդուրժվի, և որ տեղի պաշտոնյաները կարող են կատարել իրենց աշխատանքը առանց դաշնային քաոսային միջամտության և սպառնալիքների», եզրափակել են հայտարարության հեղինակները: Նրանց թվում են Վիսքոնսինի, Քանզասի, Քենտուկիի, Մինեսոթայի, Միչիգանի, Նյու Յորքի, Օրեգոնի, Փենսիլվանիայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերը:

Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։ Նրանք սկսել են քաղաք գալ հունիսի 8-ի առավոտյան. ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ այժմ գտնվում է մոտ 300 մարտիկ։

News.am