ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՆ ԱՐՅԱ՞ՄԲ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԼՑՆԵԼ․ ՀԱՅՐ ԱՍՈՂԻԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառմանը։

Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկող ընտրելու օրակարգի շուրջ։

«Ո՞ւր եք, երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք, պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր... Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել...»,- գրել է Հայր Ասողիկը։

Հոգևորականը շեշտում է՝ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառի դեմ։

«Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- ամփոփել է Հայր Ասողիկը։

Sputnik Արմենիա