Շարմազանով․ Բոլորս պետք է ամուր պաշտպանենք հայոց եկեղեցին ու նրա հայրապետին

Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ և մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին։ Սոցցանցում գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած եկեղեցու դեմ արշավին։

Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։

«Նիկո՛լ, դու ո՞վ ես,որ վեհափառի հեռացման կոչ ես անում։ Մեր վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։ Հայոց վեհափառը Աստծո օծյալ է, դու՝ ո՞վ ես»,–հարցրել է Շարմազանովն ու ինքն էլ պատասխանել` դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նշել է, որ Փաշինյանը իրականացնում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը, ու հայոց եկեղեցին նրա համար գլխավոր խոչընդոտը։

Ընդգծել էր` մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն, նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։

Sputnik Արմենիա