Փաստաբան․ Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով

Կարծում եմ՝ Սամվել Շահրամանյանին հարցաքննությունների կանչելու ինտենսիվությունը պայմանավորված է բացառապես գործի ծավալով։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հերթական հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

«Արդեն հայտարարել եմ ինչի վերաբերյալ է նախաձեռնված վարույթը և հասկանալի է, որ չնայած վարույթ նախաձեռնված է ըստ էության մեկ երկու կամ 10-օրյա տևողությամբ տեղի ունեցած իրադարձությունների հետ, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուն, առհասարակ սպառազինությունը Ադրբեջանին հանձնվելու և այլ գործողություններին, կապված կոնկրետ իրավական գործողության հետ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ այդ մեկ-երկու օր տևողությամբ իրադարձությունները իրենից ենթադրելու են երկար տարիներով վարույթի տևողություն։ Այսինքն այս վարույթը տևելու է բավականին երկար և դեռևս շատ մարդիկ են հարցաքննվելու և շատ գործողություններ են կատարվելու։

Այս պահի դրությամբ, ես դեռևս զրկված եմ այս վարույթին առհասարակ քաղաքական նշանակություն տալուց, որովհետև կարևորում եմ այս վարույթի նշանակությունը և գտնում եմ, որ այո, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները այս ամեն ինչին պետք է արձագանքեին: Ես այստեղ խնդիրը տեսնում եմ միայն այն հարցում, որ Սամվել Շահրամանյանը սկսել է հարցաքննվել 2025–ին»,–ասաց նա։

Երիցյանը նշեց, որ Արցախի նախագահն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ ինքը վարույթի հետ կապված մանրամասներ չի կարող հայտնել։

Հարցին՝ դուք ունե՞ք մտահոգություն, որ Սամվել Շահրամանյանին մեղադրանք կառաջադրեն կամ կձերբակալեն, փաստաբանը պատասխանեց, որ ինքը ոչինչ չի բացառում. «Ես, օրինակ, երեկ հրապարակում եմ կատարել հերթական անգամ կոնկրետ իմ նկատմամբ ոստիկանական հարձակման մասին։ Մենք ոչնչից երաշխավորված չենք, թե այս վարույթով և թե ընդհանրապես։ Այս պահի դրությամբ Սամվել Շարհամանյանին մեղադրանք առաջադրելու կամ անգամ կոնվենցիոն իմաստով նրան որևէ մեղադրանք ներկայացնելու հիմքեր քննիչը չունի։ Կանի, թե չի անի, դա այն հարցը չէ, որին պետք է ես պատասխանեմ, այդ հարցով կարող էք դնել քննչական կոմիտեին և ստանալ համապատասխան պարզաբանում»։

Սամվել Շահրամանյանն ավելի վաղ հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում:

Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

News.am