Արամ Ա․ Անընդունելի է ՀՀ իշխանության՝ եկեղեցականների հանդեպ ստեղծած մթնոլորտը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը։ Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը սպառնացող վտանգները, կարևորվել է Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց նիստը կայացաւ Ուրբաթ, 6 Յունիս 2025-ի երեկոյեան ժամը 06:00-ին (Պէյրութի ժամ)։

Ժողովը նախ լսեց զեկուցում Պեռնի մէջ Արցախի հոգևոր մշակութային ժառանգութեան պահպանման նուիրուած համագումարին մասին։ Խօսուեցաւ Զուիցերիոյ մէջ Արցախի իրաւունքներու պաշտպանութեան համար առնուած տարբեր նախաձեռնութիւններու մասին յատկապէս ընդգծուեցաւ խորհրդարանական յանձնախումբի կազմութիւնը, որ երկխօսութեան կոչ կ՚ուղղէ Արցախի ու Ազրպէյճանի ներկայացուցիչներուն։ Այս շրջածիրին մէջ վերահաստատուեցաւ Արցախի պետական հաստատութիւններու գործունէութիւնը շարունակելու իրաւական նշանակութեան կարևորութիւնը։

Ժողովի քննարկման յաջորդ օրակարգի կէտը կը վերաբերէր Վեհափառ Հայրապետին Յունաստան տուած հովուապետական-պաշտօնական այցելութեան և այդ առիթով Յունաստանի վարչապետին ու պաշտպանութեան նախարարին հետ կայացած հանդիպումներուն, որոնք առիթ եղած են արծարծելու տարածաշրջանին մէջ Թուրքիոյ դերակատարութեան մասին։ Վարչապետը և նախարարը յատուկ շեշտով անդրադարձած են տարբեր ուղղութիւններով Թուրքիոյ ներկայացուցած վտանգներուն մասին։

Ժողովականները խոր մտահոգութիւն արձանագրեցին Հայաստանի մէջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետութեան իշխանութիւններու ներկայացուցիչներուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծուած մթնոլորտին մասին։ Անընդունելի նկատուեցաւ հարցերու այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդեր լուծումներու, այլ կը ստեղծեն ներհասարակական լարուածութիւն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Alpha News