ՊԵՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ, ԱՀՌԵԼԻ ՄԻՋՈՑՆԵՐ. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ «ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ԱՐՇԱՎԸ

ՀՀ վարչապետի և նրա կնոջ «Կրթվելը նորաձև է» արշավը կոռուպցիոն ռիսկեր ու պաշտոնեական դիրքի չարաշահման տարրեր է պարունակում։Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվում է պետբյուջեից։ Նրա խոսքով` դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն իր հերթին հայտարարել էր, որ դրանում առերևույթ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։

Մինչդեռ Նաիրի Սարգսյանը պնդում է, որ եթե դա կրթական ծրագիր է, որը ՀՀ կառավարությունը անհրաժեշտ է համարում հանրապետության տարածքում իրականացնել, ապա պետք է անցնի անհրաժեշտ ընթացակարգերով և իրականացվի մրցութային կարգով։

«Գնումների մասին օրենքով արգելվում է 1 մլն դրամից բարձր պետական գնումների համար մրցույթ չհայտարարելը։ Եթե պետական բյուջեից ծախս է կատարվել «Կրթվելը նորաձև է» արշավի համար, ապա կառավարությունը պետք է կազմեր դրա տեխնիկական առաջադրանքը, հայտարարեր մրցույթ, և մասնակիցներից լավագույն պայմաններն առաջարկած կազմակերպությունը այդ աշխատանքներն իրականացներ։ Հիմա դա տեղի չի ունեցել, բայց պարզվում է` ինչ–որ մարդիկ պետական բյուջեից ահռելի միջոցներն են ծախսում. ինչ–որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում պետական տրանսպորտային միջոցներն են շահագործում ու օգտագործում, պետական ուղղաթիռն են շահագործում, տեխնիկական ապահովում, անվտանգության ապահովում են իրականացնում, տեղում իրենց սպասարկում և այլն։ Այսինքն` լրացուցիչ պետական ծախսեր են անում այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեն»,– նկատում է Սարգսյանը։

Բացի այդ, մեր զրուցակիցը շեշտում է, որ կրթական արշավին զուգահեռ վարչապետն ու իր կինը նախընտրական քարոզարշավ են իրականացնում` դարձյալ պետական միջոցների հաշվին, ինչը ոչ միայն ապօրինի է, այլև քրեորեն պատժելի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ է զբաղվում ավելի քան կես տարի։ Հանդիպումներին երբեմն մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Արշավի միջոցառումներրը հաճախ իրականացվում են պետական հաստատությունների դահլիճներում, հանդիպումների կադրերից դատելով` մասնակիցներին բաժանվում են «ՀՀ Կառավարության» գրությամբ բլոկնոտներ և գրիչներ։ Իսկ միջոցառումներին մասնակցելու համար հեռավոր մարզեր մեկնելիս Փաշինյանն ու կինը երբեմն օգտվում են վարչապետին սպասարկող ուղղաթիռից։

Պաշտոնական տվյալներով` դասընթացներին արդեն մասնակցել է մոտ 6 հազար մարդ։ Սակայն մինչ օրս հանդիպումներից որևէ մեկի ամբողջական տեսագրությունը չի հրապարակվել, ընդ որում` ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ «արտահոսած»։

Sputnik Արմենիա