Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Նա նշել է պարտադիր պայմանները, որոնց պետք է համապատախանեն այդ խմբի անդամները։ Դրանք պետք է լինեն մարդիկ, որոնք
1. Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
2. Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը։
3. Վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը։
4. Ամեն օր աղոթում են։
5. Հավատում են, որ Մայր աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայ առաքելական եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Նա նշել է, որ համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկներ, թե՛ հոգևորականներ։
«Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»,–շեշտել է Փաշինյանը։
Նա նշել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամներին կընտրի ինքը` վերը նշված չափանիշների հիման վրա, իսկ հետագայում խումբն ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։
«Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ցանկացողներին խնդրում է տվյալներն ուղարկել անձամբ իր էլեկտրոնային հասցեին։
Sputnik Արմենիա