ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԸ ՉԻ ԱԶԱՏԱԶՐԿՎԻ․ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը չի ազատազրկվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։

«4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է Ալեքսանյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալեքսանյանը մեկնաբանեց՝ քանի որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը, այդպիսով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատժի վերաբերյալ, մնաց ուժի մեջ։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։

Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։

2021–ի դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

2024թ փետրվարի 5–ին դատարանն Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։

2024թ նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց։ Դատախազը պահանջում էր Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Sputnik Արմենիա