ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին է փոխանցել Իրանից ստացված գաղտնի տվյալները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համակարգել է իր գործողությունները Իսրայելի հետ և Իրանի տրամադրած գաղտնի տեղեկատվությունը փոխանցել նրան։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով` ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի նամակագրությունից զգայուն տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը հայտնվել են Իսրայելի հատուկ ծառայությունների տիրապետության տակ։ Այդ նամակները, ինչպես պնդում են, նախատեսված էին բացառապես գործակալության համար և փոխանցվել են գաղտնի ուղիներով։
Այս ֆոնին Իրանն ավելի վաղ հայտնել էր Իսրայելի ատոմային ծրագրին առնչվող գաղտնի փաստաթղթերի մեծ ծավալ ստանալու մասին։ Հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը դրանք անվանել է «հետախուզական տվյալների գանձարան», որոնք, ըստ նրա, կամրապնդեն Իրանի հարձակողական կարողությունները։
Իրավիճակի սրումը կապված է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցի հրապարակման հետ, որում, AFP-ի տվյալներով, գործակալության հետ Իրանի համագործակցության մակարդակը բնութագրել է որպես «ոչ բավարար»։ Թեհրանը մերժել է նման գնահատականները՝ մեղադրելով գործակալությանը Իսրայելի կողմից տրամադրված ոչ հուսալի տեղեկատվությունն օգտագործելու մեջ։
Լրացուցիչ լարվածություն է առաջացնում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի հնարավոր ընդունումը: Ինչպես գրել է Reuters-ը, արևմտյան երկրները մտադիր են մեղադրել Իրանին միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները խախտելու մեջ՝ գրեթե երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ։
Ի պատասխան՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել է, որ եթե բանաձևն ընդունվի, երկիրը կսահմանափակի գործակալության հետ համագործակցությունը։
Sputnik Արմենիա