Երևանում` Ավանի շուկայի մոտ տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների հետևանքով 2 վիրավոր կա

Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթիի» հարևանության գտնվող բացօթյա շուկայի տարածքում այսօր կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ։

Նշվում է, որ ժամը 11.12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։

«Պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։

Sputnik Արմենիա