Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին Մկրտչյանն անձամբ է հայտնել իր ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշումն անձամբ է կայացրել՝ պայմանավորված անձնական հանգամանքներով։
«Երկարատև ժամանակ է` իմ աշխատանքային ճանապարհը, որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, դադարեցնելու միտք կար, և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված»,- գրել է Մկրտչյանը։
Նա շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։
Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 26 տարեկանում` 2018 թվականին։ 2022 թվականին նա վերանշանակվել է։
Հավելենք, որ մինչ շրջանի ղեկավար դառնալը Մկրտչյանը որևէ տեղ չի աշխատել, համենայն դեպս, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված կենսագրության մեջ աշխատանքային փորձը բացակայում է։
Sputnik Արմենիա