Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց
Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը` մասնակի բավարարելով պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի և Ամրամ Մակինյանի միջնորդությունը։
Հունիսին 12-ին դատախազությունը հայտնել էր, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության, խոշոր չափի փողերի լվացման, դրան օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը:
Այսօր դատարանը Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխարինեց 5 մլն դրամ գրավով։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պարտավոր է գրավի գումարը եռօրյա ժամկետում վճարել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։
Sputnik Արմենիա