Իրանի փոխարտգործնախարար․ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները փակուղի չեն մտել
Իրանի բանակցային թիմի անդամ, փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները փակուղի չեն մտել՝ նշելով, որ Իրանի արձագանքը Միացյալ Նահանգների առաջարկին կլինի տրամաբանական և կառուցողական, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ «ինչպես ցանկացած միջազգային բանակցությունների դեպքում, Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները ժամանակ են պահանջում, և այդ բանակցությունների ընթացքում վերելքներ և վայրէջքներ կան»։
«Մենք պատասխան ենք պատրաստում, որը դեռևս ավարտված չէ։ Դրա վրա լավ աշխատանք է կատարվել, և մենք համարում ենք, որ մեր տրամադրած պատասխանը ողջամիտ կլինի։ Հուսով ենք՝ առաջիկա օրերին այն կավարտվի և կհանձնվի Օմանի արտգործնախարարին, որպեսզի նա կարողանա փաստաթուղթը փոխանցել ամերիկացիներին», -նշել է դիվանագետը։
Թախտ-Ռավանչին անդրադարձել է նաև Իրանի առաջարկի մանրամասներին։
«Մեր առաջարկն, անշուշտ, մեկ նախադասությունից կամ պարբերությունից բաղկացած չի, որը կարելի է հեշտությամբ անտեսել։ Այն պարունակում է տարրեր, որոնք ցույց են տալիս մեր լրջությունը, ցույց են տալիս, որ մեր դիրքորոշումն ունի որոշակի սահմաններ և ցույց են տալիս, որ մենք մտադիր ենք աշխատել հաստատված սկզբունքների հիման վրա։ Մեր մոտեցումը տրամաբանական է», -նշել է իրանցի բանակցող դիվանագետը։
Նա ընդգծել է, որ ցանկացած նախադասություն պետք է օժտված լինի ներքին համաձայնեցվածություն, տրամաբանական սկիզբ և ավարտ, երաշխավորելով, որ տարբեր բաժինները միմյանց չհակասեն։
Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ պատրաստված տեքստը դեռևս վերջնականապես չի հաստատվել, բայց ծառայում է որպես հուսալի հիմք հետագա քննարկումների համար։
«Կարծում ենք՝ մյուս կողմի քաղաքական կամքի առկայության պարագայում առաջընթացի հնարավորություն կա։ Բնականաբար, ցանկացած միջազգային բանակցություններում ներկայացված տեքստը սոսկ մեկնարկային կետ է, որին պետք է ավելի խոր քննարկումներ հաջորդեն։ Որոշ բաժինների շուրջ կարելի է արագ համաձայնեցում ստանալ, մինչդեռ մյուսների շուրջ կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել», -հավելել է դիվանագետը։
Փոխարտգործնախարարի համոզմամբ՝ իրականությունն այն է, որ «այս փուլում իրանական կողմը չի քննարկում չափազանց երկար տեքստ, քանի որ մտադիր չէ համապարփակ, ժամանակատար համաձայնագիր կամ փոխըմբռնում ներկայացնել: «Մեր ներկայացրած առաջարկը համաձայնագրի հիմք է:ծառայում: Եթե այս շրջանակի շուրջ փոխըմբռնում լինի, կարող ենք ավելի հանգամանալից բանակցություններ սկսել կոնկրետ հարցերի շուրջ»,-շեշտել է իրանցի դիվանագետը:
Նա ընդգծել է, որ եթե այդ շրջանակը համաձայնեցվի, դա կարող է փոխադարձաբար ընդունելի արդյունքի հանգեցնել։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է նաև, որ Թեհրանի առաջարկած տեքստը կարող է պահպանել դիվանագիտական հնարավորությունները՝ շարունակելու վերջնական համաձայնության հասնելու ներկայիս գործընթացը։
Միացյալ Նահանգներն ու Իրանը ապրիլի 12-ից ի վեր միջուկային բանակցությունների հինգ փուլ են անցկացրել և սպասվում է, որ կրկին կհանդիպեն՝ նոր համաձայնագրի հասնելուն ուղղված բանակցություններ վարելու համար։ Երկու երկրների հիմնական տարաձայնություններն ուրանի հարստացման մակարդակի են առնչվում։
News.am