Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն
Հունիսի 10-ին Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու համալիր և հանդիպել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, հայտնում են ՌՀՄ-ից։
Պատվիրակությունը իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ հայաստանյան իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ սկսված աննախադեպ և ցինիզմով լեցուն հարձակումների պայմաններում։
«Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ մեր քրիստոնեական հավատքի և Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, մենք կարողացել ենք հաղթահարել պատմության ամենածանր փորձությունները և պահպանել մեր ազգային ինքնությունը։ Այսօր ևս Հայ Առաքելական Եկեղեցին մնում է այն եզակի հիմնարկը, որը կարող է համախմբել հայ ժողովրդին և ազատել հասարակությունը բաժանարար գծերից, փոխադարձ ատելությունից և թշնամանքից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա