ԿՊԱՏԺԻ՞ ՊՈՒՏԻՆԸ ԱԼԻԵՎԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանը Ալիևի կարևոր հաղթաթուղթն է Մոսկվայի հետ նրա դիմակայության մեջ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

Քաղաքական աքսիոմը եղել և մնում է այն, որ Հայաստանը կորցնելով ՝ Ռուսաստանը կորցնում է նաև Ադրբեջանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ում միշտ եղել են ազդեցիկ գործիչներ (օրինակ՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը), որոնք ունեն այլ կարծիք, վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն, «լուծելով Արցախի հարցը»,կատարում է աշխարհաքաղաքական շրջադարձ՝ ավելի սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ, համապարփակ ռազմական ինտեգրում Անկարայի հետ, ինչպես նաև ֆինանսատնտեսական և ռազմական աջակցություն Ուկրաինային։

Ռուսաստանը կարող էր կանխել այս զարգացումը, բայց պատմությունը չի հանդուրժում ենթադրական կարգը, և աշխարհաքաղաքական իրավիճակn այնպիսին է, ինչպիսին կա ներկայում։ Սա, իր հերթին, նշանակում է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները միջնաժամկետ հեռանկարում միայն կվատթարանան։

Այդ վատթարացումը տեղի կունենա տարբեր ուղղություններով և կարող է ազդել ինչպես միջպետական հարաբերությունների, այնպես էլ Ադրբեջանի «բիզնեսի դիրքերի վրա» ՌԴ-ում։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները և բրիտանական «մեդիա ցանցը» Ռուսաստանում հաղորդում են, որ 2023 թվականից սկսած աճում է հակասությունը ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի և ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի թիմի միջև։ Ավելին, բրիտանական ցանցի «НЕЗЫГАРЬ» Telegram-ալիքը հայտնում է, որ Նիսանովը կարող է դառնալ ուժայինների հաջորդ թիրախը, և նրա ռուսական ակտիվները լուրջ սպառնալիքի տակ են։ Նշվում է նաև, որ Գոդ Նիսանովին կարող էր աջակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն նա այժմ նույնպես Պուտինի «ֆավորիտների» թվում չէ։

Կրեմլը պատասխանում է Իլհամ Ալիևի Ռուսաստանի դեմ ուղղված քայլերին,որոնք նպաստում են բրիտանական օրակարգին տարածաշրջանում։ Հիշենք, որ վերջերս Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ) հայտարարեց, որ Լոնդոնը հանդիսանում է համաշխարհային ճգնաժամերի և պատերազմների հիմնական աղբյուրը։

Սակայն Կրեմլը չի սահմանափակվի միայն Նիսանովի դեմ քայլերով։

Պատահական չէ, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կրկին հայտարարեց, որ Արցախը վիճելի տարածք է և համեմատեց արցախյան պատերազմը ուկրաինական պատերազմի հետ։ «Ինչ-որ ժամանակ անց Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ կփորձի հետ գրավել տարածքները,և դա կլինի մոլորակի վերջը՝ միջուկային պատերազմ»,- հայտարարեց Մեդինսկին։

Բաքուն հենց այդպես էլ վարվեց՝ դառնալով ՆԱՏՕ-ի մաս Թուրքիայի միջոցով, նա դաշնակիցների հետ վերսկսեց պատերազմը։ Կարևոր է, որ ՌԴ նախագահի օգնականի մակարդակով հաստատվում է այն փաստը, որ Ադրբեջանն ու Ուկրաինան գործում են նույն ռազմավարությամբ։

Թեև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փորձեց մեղմել Մեդինսկու հայտարարությունների ազդեցությունը՝ նշելով, որ Մոսկվան ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, սակայն շուտով «РИА Новости»-ն, հղում անելով իր աղբյուրին, հաղորդեց, որ չնայած Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությանը, նա ակնկալում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի և նոր տարածաշրջանների նկատմամբ։

Եթե հավելենք նաև Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը արցախցիներին հումանիտար օգնություն տրամադրելու մասին, պարզ կդառնա, որ Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը միայն խորանում է։

Իրավիճակի պարադոքսն այն է, որ այսօր Բաքվի հիմնական «հաղթաթուղթը» Մոսկվայի դեմ կարող է լինել Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանը որպես գործիք՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար՝ փորձելով դուրս բերել 102-րդ ռազմաբազան, ՌԴ սահմանապահներին և այլն։
Այս պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է, որպեսզի, չդառնալով Ադրբեջանի (Թուրքիայի) և Ռուսաստանի հակամարտության զոհը, մոտենա ակտիվ դիմակայության փուլին նոր քաղաքական առաջնորդով, որը չունի պարտությունների շղթա և չի գործի Բաքվի շահերի ուղղությամբ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News