ՓԱՇԻՆՅԱՆԸ ԾԱՆՈՒՑԵՑ ՀՈՒՆՎԵՅԲԻՆՆԵՐԻ ՔԱՍԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ
Նիկոլ Փաշինյանի քայլերը, ուղղված հայ եկեղեցու պառակտմանը՝ մասնավորապես, և հայ հասարակության պառակտմանը՝ ընդհանրապես, շարունակվում են։ Այսօր նա արդեն հայտարարում է «համակարգող խմբի» ստեղծման գործընթացի մեկնարկի մասին, որը պետք է «ակտիվ քայլեր ձեռնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»: Ընդ որում այդ հակասահմանադրական մարմնի, «մշակութային հեղափոխության» համար Մաոյի ստեղծած հունվեյբինների ջոկատների պարագլուխների կարգի ղեկավարության անդամներին ընտրելու է անձամբ Փաշինյանը։ Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ հոգևորականների կուսակրոնության ուխտի կատարումը ստուգելու լիազորությունը Փաշինյանը կտա նոր հունվեյբիններին, թե՞ դրանով կզբաղվի անձամբ։
Այս կամ այն հոգեվորականի կողմից կուսակրոնության ուխտի խախտման անհերքելի ապացույցներ ունենալու մասին Փաշինյանի հայտարարությունը հիշեցրեց, թե ինչպես էր իր իշխանության արշալույսին Փաշինյանը կոռումպացված լինելու մեջ մեղադրում Սահմանադրական դատարանի այսօր արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանին։ Սահմանադրական դատարանն արագ իրեն ենթարկելու ձգտումով Փաշինյանը հայտարարեց Թովմասյանի կոռումպացվածության անհերքելի փաստերի մասին, իսկ որպես ապացույց ներկայացրեց... գրիչը, որ մի հրապարակային միջոցառման ժամանակ Թովմասյանը նվիրել էր իրեն: Ճիշտ է, հետո քաջարի իրավապահները տակնուվրա արեցին Թովմասյանների տան նույնիսկ տանիքը, բայց վերջինիս կոռումպացվածության ապացույց այդպես էլ չգտան։
Վերադառնանք մեր վարչապետին: Նա փաստացի յուրացրել է վճռորոշ իրավունքը Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի ընտրության հարցում։ Խախտելով սահմանադրական նորմերը, խախտելով Եկեղեցու և պետության տարանջատության ժողովրդավարական հայտնի սկզբունքը։ Չենք խոսում արդեն այն մասին, որ, ով-ով, բայց Փաշինյանը, որը դրժել է իր ծրագրային խոստումների մեծ մասը՝ սկսած Արցախի փրկությունից, վերջացրած կառուցված դպրոցների քանակով, իր իսկ հայտարարություններն ու ժողովրդին հղած ուղերձները խախտած Փաշինյանը հաստատ ո՛չ հոգևոր, ո՛չ բարոյական իրավունք չունի Կաթողիկոս ընտրել, հեռացնել նրան, և առհասարակ արտահայտվել նրա մասին
...Ընդդիմությանը հաճախ են քննադատում, որ ոչ մի արդյունքի չհասավ. ո՛չ «Փրկության կոմիտեն», ո՛չ «Դիմադրություն» շարժումը, ո՛չ «Սրբազան պայքարը»:
Ընդդիմությունը չհասավ Փաշինյանի հրաժարականին։ Բայց բողոքի շարժումների շնորհիվ դանդաղեց Հայաստանը հանձնելու գործընթացը։ Ապացույցն այն է, ինչ մենք տեսնում ենք հիմա. բավական էր ընդդիմությունը բաց թողներ մեկ քաղաքական սեզոն, և Փաշինյանի օրակարգում արդեն հայկական եկեղեցին պառակտելու խնդիրն է՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի (Փաշինյանի գրեթե ազգանվակցի) հնչեցրած պատվերով։ Եվ եթե Փաշինյանին հաջողվի պառակտել ՀԱԵ-ն, մասամբ կամ ամբողջությամբ ենթարկել իրեն, դա էապես կհեշտացնի ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» հեռանկարային ծրագիրը։ Եվ, համապատասխանաբար, Կովկասի մահմեդականների վարչության բաժանմունքի ստեղծումը Հայաստանի տարածքում:
ԱՆՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է ՀՆՉՈՒՄ: Կարծում ենք՝ ոչ ավելի անհավանական, քան 2018-ին հնչած պնդումները, որ Փաշինյանը հանձնելու է Արցախը։ Ինչպես խոստովանում են Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը, այն ժամանակ իրենք այդ պնդումների վրա պարզապես զարմացած ծիծաղում էին, իբր՝ ի՜նչ հիմար մեղադրանքներ կարող են լինել իրենց հասցեին... Իրենց՝ հնարավոր ամենաազնիվ ու վեհ մտադրություններով մարդկանց հասցեին... Իսկ շատ չանցած զարմացած Միրզոյանն ու Սիմոնյանը դարձան ամենաուղղակի ու ակտիվ մասնակիցներն այն գործընթացի, որը մինչ այդ համարում էին «նախկին իշխանությունների» հիմար ֆանտազիա։
... 44-օրյա պատերազմից հետո գրում էին, որ հայ ժողովրդի պատմության ապագա դասագրքերում Փաշինյանին հաստատապես ազգային շահերի դավաճան չանվանելու համար պետք է, որ այդ դասագրքերը չլինեն։ Հետևաբար՝ չլինեն նաև հայկական դպրոցները, հետևաբար՝ նաև հայոց անկախ պետականությունը։ Եվ հայոց անկախ Եկեղեցին՝ նույնպես։
Այն, ինչ կատարվում է այսօր, սովորական քաղաքական տրամաբանության մեջ է։ Բնավ ոչ այն պատճառով, որ Հայ Առաքելական Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, այլ որ անկախ Հայ Առաքելական Եկեղեցու բուն գոյությունը մարտահրավեր է այն քաղաքականությանը, որ վարում է Փաշինյանի թիմը։
ՀԱԵ-ի վրա Փաշինյանի հարձակումները մի ավելորդ հաստատումն են, որ միայն իշխող թիմի իշխանազրկումը կարող է կասեցնել Հայաստան պետության և նրա առանձին ինստիտուտների շահերի ու սուբյեկտայնության հետևողական հանձնման գործընթացը։
Բայց, ըստ երևույթին, նոր կորուստներ են պետք, որպեսզի գինու առատությունից և այս իշխանության օրոք լայն տարածում ստացած թմրանյութերի ընդունումից առաջացած էյֆորիան վերջապես զիջի տեղը սթափ գնահատականներին և հետագա վերածնունդին։
Հ.Գ. – Ոչ մի նոր բան չկա այս արևի տակ: Յոզեֆ Գեբելս. «Եկեղեցիների հետ լավագույնս կարելի է հաշվեհարդար տեսնել, եթե ներկայանաս իբրև ճշմարիտ քրիստոնյա... Եկեղեցիները պարտավոր են կա՛մ հստակ կանգնել մեր կողքին, կա՛մ դատապարտված են ոչնչացման»: