Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է Ճամբարակի պայթյունի կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում այսօր տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանության ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։ Մահացել է 5 մարդ` 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը, 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը։

Պայթյունի և փլուզման հետևանքով 12 մարդ է տուժել, որոնցից 3-ը գտնվում են Երևանի ԲԿ–ներում։

Sputnik Արմենիա