Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ Է

Ե. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ իշխանությունների դիմակայությունը։

Փորձագետի խոսքով՝ ինչպիսին էլ լինեն Հայաստանի ներկայիս իշխանությունների դրդապատճառները, եկեղեցու գործերին միջամտելը ՀՀ Սահմանադրության խախտում է։

«Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ սկզբունքային կարևոր դեր է խաղացել հայ ազգի պահպանման գործում։ Հայկական ինքնագիտակցությունը պահպանվել է միայն Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվել է, որ Հայ Առաքելական եկեղեցին սկզբունքային կարևոր նշանակություն ունի Հայաստանի պետության համար։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և եկեղեցին անջատ է պետությունից, ուստի եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, բայց պետությունն էլ իրավունք չունի միջամտելու եկեղեցական գործերին։ Դա Սահմանադրության խախտում է, ինչպիսին էլ լինեն ներկայիս իշխանությունների դրդապատճառները»,- ասել է Կռիլովը։

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենն ընթանում է գլոբալիզմի այն քաղաքականության հունով, որը մերժում է ազգային բոլոր արժեքները, դրանց փոխարեն առաջարկելով գլոբալ աշխարհի ուլտրալիբերալ արժեքները։

«Ես այս ամենը, ինչպես անում են մարդկանց մեծամասնությունն ու փորձագետները, չէի կապի ներհայաստանյան խնդիրների, առաջիկա ընտրությունների հետ և այլն։ Այստեղ խնդիրն ավելի լայն է։ Տեսնում ենք Ուկրաինայում ուղղափառության դեմ իրականացվող ճնշումները։ Նույնը հիմա սկսվում է Մոլդովայում, որտեղ ուղղափառ եկեղեցին մեղադրվում է Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, ուստի այժմ ամբողջ աշխարհում սահմանափակվում է նրա գործունեությունը։ Այս ամենն ընդհանուր միտում է հետխորհրդային տարածքում և ընթանում է գլոբալիզմի այն քաղաքականության հունով, որը ժխտում է ազգային բոլոր արժեքները, դրանց փոխարեն առաջարկելով համաշխարհային խաղաղության ուլտրալիբերալ արժեքներ, որոնց համար պայքարում են Սորոսը և համաշխարհային օլիգարխիայի այդ հատվածը։

Գլոբալիզմի կողմնակիցները կրոնական քաղաքականություն են վարում այն ուղղությամբ, որով հնարավոր է սահմանափակել կամ ամբողջովին վերացնել ավանդական կրոնները, ավանդական մշակույթները և դրանց փոխարեն սերմանել լիբերալ արժեքներ ու ընդհանուր մշակույթ, որը բնորոշ է արևմտյան աշխարհին»,- եզրափակել է Կռիլովը։

Alpha News