Փաստաբան․ Հունիսի 12-ի գործը խտրական արդարադատության վառ օրինակ է

Հունիսի 12-ի գործը խտրական արդարադատության վառ օրինակ է։ Մինչ օրս որևէ ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Փոխարենը ամիսներ շարունակ կալանավորված էին խաղաղ ցուցարարները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովի դիմաց իրականցվող ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումներին և այդ գործով իրավական գործընթացներին։

«Այս պահին ցուցարաներից որևէ մեկը ազատազրկման մեջ չի գտնվում, սակայն նրանք շարունակում են անցնել այդ գործերով։ Կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները պատ կազմում, և թույլ չեն տալիս, որ քաղաքացիները դուրս գան, կամ քաղաքացու մազերից բռնած քաշում են նրան։ Հարյուրավոր վիրավորներ կային այդ օրը, տուժածներից մեկի ձեռքը մինչև դաստակն ամպուտացվել է։ Հայաստանում արգելված «Զարյա 3» նռնակներին էին օգտագործվել։ Սակայն այդ օրվանից հետո խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններից որևէ մեկը չի ազատվել պաշտոնից, որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել»,–հավելեց փաստաբանը։

Սերգեյ Հարությունյանի խոսքով, դատավարության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել են ոստիկանության աշխատակիցները, որոնք միաբերան նույն բանն են կրկնել։

«Իրավապահ համակարգը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի համար հավերժ յուրայիններ չկան, կան միայն շահեր։ Այդ մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանապետը, որը հոժարությամբ կատարում էր նրա բոլոր պահանջները, այսօր, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, երկրում չէ, և հավանականություն կա, որ իրավական գործընթացներ կսկսվեն նրա հետ կապված»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածքներ։ Տուժողներից մեկի ձեռքը մինչև դաստակ ամպուտացվել է։