ՌԴ-ն դեմ է, ՀՀ-ն՝ ձեռնպահ. Իրանը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել բանաձևին, ըստ որի` Իրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press»-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Դեմ է քվեարկել ընդամենը 3 պետություն՝ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն։ Հայաստանը և ևս 10 երկիր ձեռնպահ են քվեարկել, 19 երկիր` կողմ` ԱՄՆ–ն, Բրիտանիան, ԵՄ երկրները, Վրաստանն ու Ուկրաինան:

AP-ն նշում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան: Փաստաթղթի համաձայն՝ կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Թեհրանում չհայտարարագրված մի քանի օբյեկտներում գրանցված ուրանի մասնիկների վերաբերյալ:

«Իրանը չկարողացավ երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա հետևանքով առաջացած հարցերն արդեն ՄԱԿ - ի անվտանգության խորհրդի իրավասությանն են պատկանում», - ասվում է բանաձևում:

«Mehr» գործակալությունը հայտնում է, որ Թեհրանն անմիջապես դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը։

«ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ վճռականորեն դատապարտում են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընդունած և ԱՄՆ-ի ու Եվրոպայի երեք երկրների առաջարկած բանաձևը։ Իրանը միշտ հավատարիմ է եղել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։ Միևնույն ժամանակ բանաձևի հեղինակները լռում են իսրայելական միջուկային զինանոցի և Գերմանիայի տարածքում ֆրանսիական մարտագլխիկներ տեղակայելու Բեռլինի պատրաստակամության մասին», - նշվում է հայտարարության մեջ:

Իրանը նշել է, որ այլ ելք չկա, քան բանաձևին պատասխանելը։ Այսպես, ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին հայտարարել Է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, որը գտնվում է պաշտպանված վայրում:

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ խոստացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՄԱԳԱՏԷ-ն ընդունի Թեհրանին դատապարտող բանաձևի նախագիծը:

Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել էրՄԱԳԱՏԷ-ում ներկայացված բանաձևի նախագիծը։

Sputnik Արմենիա