ՔՊ-ն բոյկոտեց Վաղարշապատի ավագանու նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար
Այսօր՝ հունիսի 12-ին, Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստն այսօր չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը բոյկոտեց և չներկայացավ։
Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:
Սակայն այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՔՊ–ն որոշում է կայացրել, որ պետք է Վաղարշապատում ավագանու նոր ընտրություններ տեղի ունենան, իսկ դրա համար պետք է երկու անգամ ավագանին չընտրի համայնքի ղեկավար։
Նշենք, որ ՔՊ–ն հայտարարել է, որ իրենց թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է։ Քանի որ վերջինս Խոյ համայնքից է, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ համայնքի ղեկավարը լինի տվյալ համայնքի բնակիչ, ՔՊ–ն որոշել է, որ Խոյ և Վաղարշապատ համայնքները կմիավորվեն։
Ավագանու այդ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Արգիշտի Մեխակյանը։
Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15–ը ՔՊ–ից են, 10–ը՝ «Էջմիածին» դաշինքից և 2–ը՝ «Հայրենատեր» կուսակցությունից։
Հիշեցնենք, այս տարվա մայիսի 21–ին համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Դիանա Գասպարյանը։
News.am