ԱՐԱԲԱՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱԶՈՒԼԵԻՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱՉՔ Է ՓԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՎՐԱ

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն պարգևատրվել է հայկական «Բարեկամության շքանշանով»: «Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար» Ազուլեին պարգևը հանձնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիցցայում կայացած հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սկսենք նրանից, որ Միրզոյանի մամլո ծառայությունը նույնիսկ տեղյակ չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավորում է ոչ թե գլխավոր քարտուղարը, այլ գլխավոր տնօրենը։ Բայց այդ հաղորդագրության մեջ, ընդհանուր առմամբ ամեն ինչ հիրավի «հիասքանչ» է: Ե՛վ պարգևատրման բուն փաստը, և՛ շքանշանի անվանումը, և՛ այն արժանիքների թվարկումը, որոնց համար Օդրի Ազուլեն արժանացել է մրցանակին, և՛ հիշատակումը «ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության» մասին։

Քանզի խոսքը այն կազմակերպության ղեկավարի մասին է, որն արդեն հինգ տարի շարունակ պարզապես ապշեցուցիչ, եթե չասենք՝ հանցավոր անգործություն է դրսևորում Արցախում հայ ժողովրդի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցում։ Եվ ոչ մի կերպ, մի բառով անգամ ողջ այս ընթացքում թեկուզ բանավոր չի դատապարտել այն աղաղակող վանդալիզմը, որը գրեթե ամեն օր իրականացնում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում։

Խոսքն այն կազմակերպության մասին է, որը պարտավորվել է իր մանդատին համապատասխան փորձագիտական առաքելություն կազմակերպել հայկական հուշարձանների վիճակը ստուգելու համար, բայց արդեն 5-րդ տարին է անգործության է մատնված՝ պատճառաբանելով, թե Բաքուն, իբր, համաձայն չէ։ Թեև բռնազավթված Արցախ առաքելության մուտքի մերժումն Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ պիտի համոզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներին, որ այնտեղ հանցագործություններ են կատարվում։ Եվ մղի համապատասխան գործողությունների:

Մի քիչ նախապատմություն:

2020թ. նոյեմբերի 20-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից ընդամենը 10 օր անց, Օդրի Ազուլեն հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործում, և այդ նպատակով առաջարկում է հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ դրան աջակցեցին ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Դեկտեմբերի 10-11-ին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. կոնվենցիայի (Հաագայի) կատարման միջկառավարական կոմիտեն հաստատեց Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային օբյեկտների վիճակի անկախ գնահատման անհրաժեշտությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայտարարեցին, որ պատրաստ են առաքելություն ուղարկել, սակայն չեն կարող դա անել, քանի որ մինչ օրս Ադրբեջանի իշխանություններից պատասխան չեն ստացել: «Կազմակերպությունն արդեն բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին, բայց ապարդյուն»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը:

Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ, որում ափսոսանք հայտնեց, որ «Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու գործընթացը կասեցվել է Ադրբեջանի կողմից»:

Այդ ժամանակից անցած 4,5 տարիների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրեթե չի անդրադարձել այս հարցին՝ միայն երբեմն ձևականորեն «մտահոգություն» հայտնելով և հերթապահ կոչեր հնչեցնելով։ Իսկ 2024 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելած այդ կազմակերպության մշակույթի և արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Քրիստա Պիկատն ասաց, որ իրավիճակը փոխվել է, և առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել ըստ Հաագայի կոնվենցիայի:

Այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավարարվեց Ադրբեջանի մերժումով և այս ողջ ընթացքում ոչ մի քայլ չձեռնարկեց՝ ինչ-որ կերպ կասեցնելու Արցախի պատմամշակութային անգին ժառանգության նկատմամբ բարբարոսությունը։ Դրա համար Բաքվի իշխանություններին դատապարտելու մասին խոսելն անգամ ավելորդ է։ Բավական է մեջբերել լոկ մեկ արտահայտություն հայկական ԶԼՄ-ներին վերոնշյալ Պիկատի տված հարցազրույցից. «Այժմ մենք Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք աջակցել նրանց»:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը պարտավորեցնում էր Ադրբեջանին, բացի ամենայնից, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի դրսևորումներն ու հայկական մշակութային ժառանգության պղծումը կանխելու համար։ Հարկ կա՞ արդյոք նշել, որ այդ որոշումն էլ մնաց թղթի վրա, և ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչ մի արձագանք չհաջորդեց։

2024 թվականի սեպտեմբերին Միրզոյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած Հնագույն քաղաքակրթությունների համաժողովում, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունն իր հազարամյա պատմությամբ հայտնվել է ոչնչացման վտանգի տակ և կոչ արեց անհապաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել տարածաշրջան։

Սակայն այդ ժամանակից ի վեր տվյալ թեման, դատելով ամենից, փակ է Հայաստանի իշխանությունների համար. համենայնդեպս ո՛չ ԱԳՆ-ը, ո՛չ Մշակույթի նախարարությունը որևէ հայտարարություն չեն հնչեցրել, թեև ԿԳՄՍՆ ղեկավարը պարբերաբար բյուջեի առանձին կետով գումարներ է պոկում Արցախի «մշակութային ժառանգության պաշտպանության» համար։ Ավելորդ է ասել, որ այն հարցը, թե գործնական քայլեր ձեռնարկել է արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ, թե՞ սահմանափակվում է միայն հազվավադեպ հայտարարություններով, զուտ հռետորական բնույթ է կրում։

2024 թվականի դեկտեմբերին Արցախի հասարակական կազմակերպությունները կոչ արեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին առաքելություն ուղարկել բռնազավթված Լեռնային Ղարաբաղ՝ փաստագրելու մարդկության մշակութային ժառանգության դեմ կատարված հանցագործությունները և կանխելու մշակութային ցեղասպանությունը։ Ի պատասխան՝ քար լռություն, իսկ ՀՀ ԱԳՆցուցադրաբար անջրպետվեց այդ ակցիայից՝ ոչ մի բանով ու ոչ մի կերպ չաջակցելով ՀԿ-ներին։

Հիմա ահա Միրզոյանն ուրախությամբ «Բարեկամության շքանշան» է հանձնում Արցախի անգնահատելի հայկական ժառանգության նկատմամբ բացարձակ անտարբերություն և Ադրբեջանի վանդալիզմի հանդեպ աննախադեպ հանդուրժողականություն դրսևորած և դրսևորող կազմակերպության գլխավոր տնօրենին: Իսկ նրա մամլո ծառայությունը ջանադրաբար շրջանցում է Արցախի բուն անունը և օգտագործում «մշակութային ժառանգության պաշտպանություն ճգնաժամային իրավիճակներում» անորոշ ձևակերպումը։ Հերթական անգամ զեկուցելով Բաքվի իրենց տերերին, որ Արցախի հարցն իրենց համար փակ է։

Եվ որ այսուհետ հայկական պատմամշակութային հազարավոր հուշարձանների ճակատագիրը, որոնց թվում կան բազմադարյա ազգային ժառանգության հիրավի եզակի և անգին գլուխգործոցներ, չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին, և Բաքուն կարող է նրանց հետ անել ինչ կամենա. յուրացնել, պղծել, քանդել, կեղծել, ոչնչացնել... Միայն թե վանդալների պարագլուխն իր ստորագրությունը դնի բաղձալի «խաղաղության համաձայնագրի» տակ։ Իսկ արցախյան հուշարձանները «պատմական Հայաստան» են և «իրական Հայաստանին» նրանք պետք չեն։

Ինչպես որ պետք չեն և, ավելին՝ պատժելի են դրանց պահպանմանն ուղղված ցանկացած նախաձեռնություններ։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ Բեռնում վերջերս կայացած միջազգային համաժողովի պարագայում։

Այս ամենից կարող է լինել միայն մեկ եզրահանգում. փաշինյանական ոհմակը պարգևատրում է գլխավոր տնօրենին այն բանի համար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թքեց սեփական արժեքների և պարտականությունների վրա՝ գիտակցաբար աչք փակելով Ադրբեջանի բացահայտ և կանոնավորապես կատարվող հանցագործությունների վրա։ Միրզոյանը փաստացի դրվատեց կազմակերպությանը անգործության համար՝ խրախուսելով Օդրի Ազուլեին բարձրաձայն չհնչեցվող մեսիջով. «Կեցցե՛ք, այդպես շարունակե՛ք»։