Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։
Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի համաձայն՝ այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air»-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը, իսկ «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգված է։
«Այս պահի դրությամբ անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Քաղաքավիացիայից ճշտում են մտցնում՝ գիշերը 4։30-ից Իրանը փակել է օդային տարածքը և Բելգրադ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ և Կազան-Շարժա չվերթերն իրականացնող օդանավերը վայրէջք են կատարել «Զվարթնոցում» (որպես ռեզերվային օդանավակայան)։
Հիշեցնենք` հունիսի 13-ի գիշերը Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։