Թրամփը նախապես գիտեր Իրանին Իսրայելի հարվածների մասին, բայց ԱՄՆ-ն չի մասնակցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News Channel–ի գլխավոր քաղաքական հաղորդավար Բրետ Բայերի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ ինքը գիտեր Իսրայելի կողմից Իրանին հարվածելու մտադրության մասին, սակայն ԱՄՆ-ն չի մասնակցել հարվածին։
«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղան։ Տեսնենք», – Թրամփի խոսքերն է փոխանցում Բայերը։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահը վերջին օրերին մի քանի անգամ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և Թրամփը Իրանից ցանկացած պատասխանի է սպասում։ Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) բարձր պատրաստվածության վիճակում է։
«ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը պատասխանի», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հույս ունի, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
Հունիսի 13–ի գիշերը Իսրայելը «Առյուծների ազգ» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Իրանի միջուկային և ռազմական ենթակառուցվածքներին։ Իսրայելը 200 ինքնաթիռ է ներգրավվել հարվածների համար։ Իրանի երեք բարձրաստիճան հրամանատարներ են սպանվել՝ Գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ–ի հրամանատարը և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատարը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել։
Sputnik Արմենիա