Փույա Հոսեինի․ Իրանի պատասխանը կարող է մի քանի անգամ ավելի ուժեղ լինել. ԱՄՆ-ից է կախված՝ պատերազմ կլինի, թե ոչ

Կիրակի հայտարարվել էր, որ տեղի է ունենալու ԱՄՆ–Իրան բանակցությունների 6–րդ փուլը, և Իսրայելը հարձակում գործեց Իրանի վրա, որպեսզի ձախողի այդ բանակցությունները, և ներքաշի ԱՄՆ–ին ու Իրանին պատերազմի մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց իրանցի վերլուծաբան Փույա Հոսեինին։

«Միանշանակ Իրանը պատասխանելու է Իսրայելին, անպատասխան չի թողնելու այդ հարձակումը և պարզ չէ, թե ինչի դա կհանգեցնի։ Ակնհայտ է, որ Իսրայելը ԱՄՆ–ին ուզում է ներքաշել պատերազմի մեջ և ԱՄՆ–ի ձեռքով Իրանի հարցը լուծել։ Սա Նեթանյահուի ծրագիրն է։ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում քաղաքական լուծման կողմնակից է և հրահանգել էր իր պաշտոնյաներին Իրանի հետ բանակցել»,–ասաց նա։

Հարցին՝ Իսրայելը ինքնուրո՞ւն է որոշել հարվածել Իրանին, թե՞ եղել է այդտեղ նաև ԱՄՆ–ի մասնակցությունը, փորձագետը պատասխանեց. «Իհարկե, առանց ԱՄՆ–ի նման հարձակում չէր կարող լինել։ Զարմանալի է, որ հենց գիշերը Թրամփը հայտարարություն է անում, որ հավատարիմ են բանակցությունների գործընթացին, և մի քանի ժամ անց նման հարձակում է կատարվում»։

Անդրադառնալով տարածաշրջանում մեծ ռազմական գործողության հավանականությանը, Փույա Հոսեինին ասաց. «Դա ԱՄՆ–ից է կախված, որովհետև Իսրայելը միայնակ ի վիճակի չէ Իրանի հետ լայնածավալ պատերազմ մղել։ Պետք է տեսնենք, թե ԱՄՆ–ն ինչ դիրքորոշում կունենա, կաջակցի՞ Իսրայելին, թե՞ ոչ։

Միանշանակ է, որ Իրանը պատասխանելու է, դրանից հետո պետք է տեսնենք, թե ԱՄՆ–ն կզսպի՞ Իսրայելին պատասխանից, թե՞ ոչ։ Եթե ԱՄՆ–ն աջակցի Իսրայելին և համատեղ հարձակումներ կատարեն, իհարկե, ամբողջ տարածաշրջանի լայնածավալ պատերազմի մեջ կարող է մտնել։ Այսինքն ամեն ինչ կախված է ԱՄՆ–ից և այն կողմերից, որոնք կարող են ազդել Իսրայելի վրա։

ԱՄՆ–ն Իսրայելին զսպելու համար ազդեցություն ունի, բայց դա լինելու է Իրանի պատասխանից հետո, կտեսնենք՝ սահմանափակո՞ւմ է Իսրայելն իր հարձակումը, թե՞ շարունակում է»։

Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր պատասխանին, վերլուծաբանը նշեց. «Մենք տեսել ենք, որ վերջին օրերին Իրանը ձեռք է բերել մեծ քանակի հետախուզական տվյալներ Իսրայելից։ Այս հարձակման պատճառներց մեկն էլ այն էր, որ Իրանը չհասցնի ուսումնասիրել այդ տվյալները։ Այդ տվյալները թիրախների ընտրության հարցում մեծ դեր կխաղան և թույլ կտան Իրանին համարժեք, գուցե մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան տալ Իսրայելին։ Որովհետև եթե մենք նախկինում Իրանի առաջին և երկրորդ հարձակումը տեսնենք, խոսքը մի 200-300 հրթիռի մասին էր, և ԱՄՆ–ի ու Մեծ Բրիտաիայի օդուժները օգնում էին Իսրայելին, որ չեզոքացնեն այդ հրթիռները մինչև Իսրայել հասնելը։ Բայց եթե Իրանը հարձակում գործի ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի հազար հրթիռներով ու ԱԹՍ–ներով, շատ դժվար կլինի Իսրայելի ՀՕՊ–ի համար խոցել դրանք»։