ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը հայտարարություն է տարածել X սոցիալական ցանցում։

«Իրանի վրա միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակում ՌՕՈւ–ն, ՑԱԽԱԼ–ի պնդմամբ, հարվածել է Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են իրանցի որոշ բարձրաստիճան զինվորականներ և մի շարք միջուկային գիտնականներ։ Հարվածներ են հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող իրանական զինվորականների տեղակայման վայրերին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։

Sputnik Արմենիա