Բաքվում վայրէջք կատարած օդանավերում հայեր կան. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ և ՀՀ ԱԳՆ-ներին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` խնդրելով ամեն ինչ անել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։
Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան ավելի քան 10 ինքնաթիռ վայրէջք է կատարել Բաքվում: Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից Դուբայ մեկնող ինքնաթիռները։
Միությունը նշում է, որ այդ չվերթերի ուղևորների թվում կան ծագումով հայ և հայկական ազգանունով քաղաքացիներ, որոնք ուղևորվում էին ԱՄԷ:
«Հաշվի առնելով այն հայատյաց քաղաքականությունը, որ պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ քարոզում և ներդնում է ադրբեջանական հասարակության մեջ, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալման և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ՝ խնդրելով իրավիճակը իր վերահսկողության տակ վերցնել՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած օդանավով թռչող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից հնարավոր հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Այդ ուղևորների հարազատները դիմել են ՌՀՄ և ասել, որ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները դադարել են կապի դուրս գալ:
Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է անում հնարավոր ամեն բան անել Բաքվում ոչ սեփական կամքով վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik Արմենիա