ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՕԳՆՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻՆ, ԿԱՄ ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ռիսկն աննախադեպ մեծ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Առնվազն վերջին տարիների ընթացքում մենք լարվածության նման աճ և լայնածավալ պատերազմի նման սպասումներ չենք ունեցել։ Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, հատկապես որ Իրանը ունի թշնամական մեծ շրջապատ, որը, ինչպես ասում են, սպասում է հարմար պահի` իր կողմից հարված հասցնելու այդ պետության անվտանգային շահերին»,– ասաց իրանագետը` հավելելով, որ ասվածը վերաբերում է նաև ադրբեջանա–թուրքական դաշինքին։

Այս առումով մեր զրուցակիցը չբացառեց, որ, իրավիճակից օգտվելով, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են փորձել իրագործել «Զանգեզուրի միջանցքի» իրենց վաղեմի երազանքը, հատկապես որ այս օրերին այդ երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։

«Այս վտանգը կա, և այն չի կարելի ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշակի առաջնահերթ քայլեր իրականացնի, զինուժը պետք է բերվի իրավիճակին համարժեք պատրաստության մակարդակի, ՀՀ–ն պետք է անհապաղ խորհրդակցություններ սկսի դաշնակիցների հետ, հաստատի դիվանագիտական և անվտանգային կապերի համար խորհրդակցական խողովակ Իրանի հետ` անմիջականորեն տեղյակ լինելու իրավիճակից, և ՀՀ իշխանությունը պետք է հստակորեն գնա հանրային համախմբման ճանապարհով»,– ասաց Ոսկանյանը։

Նա ընդգծեց` Հայաստանի համար չի կարող լինել ավելի կարևոր օրակարգ, քան պետության ու ազգի անվտանգությունն է։

Իրանագետի համոզմամբ` իսրայելական հարձակումը ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանային զարգացումների հետևող աշխարհի համար անսպասելի չի եղել։

«Դատելով վերջին օրերի` բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից` կարծում եմ` որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ Իսրայելը գնալու է այդ քայլին, և այդ քայլն իրականացվելու է ԱՄՆ–ի հետ համակարգմամբ, ինչի վերաբերյալ այսօր արդեն փաստացի տեղեկատվություն ունենք»,– նշեց Ոսկանյանը` հիշեցնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ ԱՄՆ–ն տեղեկացված է եղել նախապատրաստվող հարվածի մասին։

Միաժամանակ իրանագետը չի վստահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ԱՄՆ–ն որևէ կերպ չի աջակցել Իսրայելին։ Ըստ Ոսկանյանի` առանց ԱՄՆ–ի հետախուզական, հակաօդային պաշտպանության մակարդակում ուղղորդման` Իսրայելը ի վիճակի չէր լինի իրականացնելու այդ գործողությունը միայնակ։

Իրանագետը չբացառեց նաև Իրանի ներսից Իսրայելին աջակցելու մասին լուրերի իսկությունը` հավելելով, որ դեռևս պարզ չէ, թե ինչ ուժերի կողմից է եղել այդ աջակցությունը։

«Իրանը մոտ 90 մլն բնակչություն ունեցող պետություն է, և այդ երկրի ներսում, բնականաբար, կան տարբեր խմբավորումներ, որոնք սնվում են դրսից։ Խոսքը վերաբերում է թե՛ պանթյուրքական ուղղվածության խմբավորումներին, թե՛ այլ ահաբեկչական խմբավորումներին, որոնք համագործակցում են Իրանի թշնամիների հետ և ունեն նաև ընդհատակյա ցանցեր։ Հետևաբար կարծում եմ` գործի են դրվել այդ ցանցերը ևս։ Բայց, դատելով բազմաբնակարան շենքերին հասցված հարվածներից, ինչի հետևանքով վնասվել են հենց միջուկային ծրագրերի վրա աշխատող գիտնականների բնակարանները, կարող ենք ասել, որ դա հրթիռային հարված չէ, այլ ավելի փոքրածավալ խոցող միջոցների կիրառության հետևանք»,– ասաց Ոսկանյանը։

Նրա կարծիքով` Իրանի հանդեպ հնարավոր պատերազմը լինելու է բազմաշերտ։ Միաժամանակ, ըստ Ոսկանյանի, իրանական հակահարվածի վտանգը գիտակցում են նաև Իսրայելում, հակառակ դեպքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր հայտարարի, որ իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում, և Իսրայելի թիվ մեկ օդանավը օդ չէր բարձրանա (ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի հնարավոր պատասխան հարձակման ֆոնին Նեթանյահուի ինքնաթիռն օդ է բարձրացել, շուրջ 40 րոպե պտտվել է Միջերկրական ծովի վրայով, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, անջատել է տրանսպոնդերը)։

Ինչ վերաբերում է Իսրայելին հակադարձելու` իրականական կողմի հնարավորություններին, փորձագետը նշեց, որ Իրանի ներուժը բավարար է Իսրայելին դիմագրավելու համար։ Այլ հարց է, որ Իսրայելը վայելում է ԱՄՆ–ի և այլ պետությունների` Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, որոշ արաբական պետությունների, նաև Ադրբեջանի լիարժեք աջակցությունը, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ գործուն աջակցություն են ցուցաբերում Իսրայելին։

Sputnik Արմենիա