ՓԱՐԻՍԵՑԻՆ

Նիկոլ Փաշինյանը հերթական տեքստը հրապարակեց՝ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության հասցեին հերթական մեղադրանքներով: Տեքստը ցուցանշական է, այնտեղ պետք է միայն հասցեատիրոջը փոխել։ Բոլոր մեղադրանքները շատ ավելի կիրառելի են իշխող թիմի նկատմամբ։ Խելքին առանձնապես զոռ չտալով՝ Փաշինյանը Կաթողիկոսի հասցեին վերաշարադրել է իրեն հասցեագրվող հայտնի մեղադրանքները։

Փաշինյանն ասում է, որ պետք է ազատել մեր Սուրբ եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից... Սա ասում է այն մարդը, որն իշխանությունը պահելու համար կարող է այսօր մի դիրքորոշում ընդունել, վաղը՝ ճիշտ հակառակ։ Փարիսեցիներն ու կեղծավորները գերի են վերցրել ոչ թե Եկեղեցին, այլ հայոց պետականությունը։

Ըստ Փաշինյանի՝ փարիսեցիությունն այն է, որ իր հարձակումները ՀԱԵ-ի վրա մեկնաբանվում են որպես թուրքական և ադրբեջանական օրակարգի սպասարկում... Իրականում Հայաստանում այսօր գործող իշխող թիմն է իբրև «հինգերորդ շարասյան» գործողություն մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի իշխանավարմանը սպառնացող բոլոր քայլերը:

Բոլորովին վերջերս իր հերթական նոպա-էքստազի ժամանակ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այդ մասին ճղավում էր ընդդիմադիրների հասցեին։ Ընդդիմադիրները հարցեր էին բարձրացնում նրա թիմի կոռուպցիոն որոշ սխեմաների մասին, իսկ Փաշինյանն ի պատասխան սպառնում էր փակել բոլոր ընդդիմադիրներին ԱԱԾ նկուղներում

Փաշինյանը ոչ միայն սպառնում է։ Իշխանավոր փարիսեցիներն ու կեղծավորները, որոնք կոկորդ պատռելով մտահոգություն են արտահայտում Մարդու իրավունքների մասին, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քրեական գործեր են հարուցել ընդդիմադիրների դեմ։ Այդպիսի «երկաթե փաստարկից» է մշտապես օգտվում Փաշինյանը՝ իր կառավարման ակնհայտ ձախողումները հանրությունից թաքցնելու համար։

Փաշինյանն ասում է, թե ադրբեջանական օրակարգը սպասարկելու մեղադրանքներով կեղծավորներն ու փարիսեցիները խափանում են ցանկացած դիսկուրս, վիժեցնում ցանկացած բարեփոխում, փակուղու մեջ պահում ՀԱԵ-ին: Իսկ գուցե ամեն ինչ մի փոքր ա՞յլ է:

Գուցե դա այն է, երբ կեղծավորների ու փարիսեցիների թիմի վառ ներկայացուցիչ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեղադրում է Ռուսաստանին Հայաստանի շահերին դավաճանելու, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, և այդ կերպ փակուղի մտցնում հայոց պետականությունը։ Կախյալ դարձնում նրան Բաքվի և Անկարայի բարեհաճությունից, ավելի ճիշտ՝ Հայաստանին դարձնում ագրեսիվ հարևանների տարածքային նկրտումների պատանդ։ Եվ արվում է դա միայն նրա համար, որ հասարակ քաղաքացու աչքում ճերմակեցնեն իշխող թիմի ձախողումները, բարդեն այդ ձախողումներն «օտար քեռու» վրա։

Փաշինյանն ասում է, թե Կտրիճ Ներսիսյանը (Կաթողիկոսի աշխարհիկ անունը) և նրա նմանները, որոնք «պղծել են Հայոց Եկեղեցու սրբությունները», նվեր են նրանց համար, ովքեր «չեն ցանկանում մեր եկեղեցու արևշատությունը»: Ուղիղն ասենք. Փաշինյանն ու իր թիմը, որոնց քաղաքականությունը հանգեցրեց հայկական Արցախի կորստին, նվեր են այն ուժերի համար, որոնք չեն ցանկանում Հայաստանի «արևշատությունը»։ Ուզում են, որ Հայաստանն անհետանա աշխարհի քարտեզից, ուստի, օգտվելով Փաշինյանի ու իր փարիսեցիների թիմի կառավարումից, պատառ առ պատառ ճանկում են Հայոց աշխարհի տարածքները, պղծում անարգման դատապարտված արցախյան հայկական եկեղեցիները։

Փաշինյանը պաթետիկ բացականչում է. «Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ո՞ւմ եք պաշտպանում. սուտը, կեղծիքը, պղծությունը. այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք»։

Շատ ճիշտ է, միայն թե տվյալ մեջբերման մեջ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անունը։ Որովհետև, եթե վերաձևակերպենք 2018-ի ապրիլի Փաշինյանին խոսքերը, կա՛մ Փաշինյանը կլքի պետության ղեկավարի աշխատասենյակը, կա՛մ մենք պետություն չենք ունենա։