Միջուկային աղետի եզրին ենք. Նեբենզյան` Իրանին Իսրայելի հարվածների մասին

Մերձավոր Արևելքում ծայրահեղ վտանգավոր սրացում տեղի է ունենում Իսրայելի գործողությունների պատճառով։ Այս մասին Իրանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանն ի պատասխան Իսրայելի հարվածների` իրականացնում է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը: Իրանի պատասխան գործողությունների մասին տեղեկությունը հայտնվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ իրանցիներին ուղղված ուղերձից հետո, որտեղ նա խոստանում էր Իսրայելին ուժով պատասխանել:

«Մեր աչքի առաջ Իսրայելի գործողությունների պատճառով ծայրահեղ վտանգավոր սրացում է տեղի ունենում մերձավորարևելյան տարածաշրջանում, որը պահանջում է խորհրդի անհետաձգելի ուշադրությունը»,-ասել է Նեբենզյան։

Նա հավելել է, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը տարածաշրջանը տանում է դեպի «լայնածավալ միջուկային աղետի»:

«Ուզում ենք ցավակցություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»,-նշել է ռուս դիվանագետը։

Sputnik Արմենիա