Իսրայելում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զգոնություն պահպանել

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչով դիմել է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Իսրայելի տարածքում` հորդորելով պահպանել զգոնություն։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Նկատի ունենալով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Դեսպանությունը հրապարակել է նաև արտակարգ իրավիճակների համար կապ հաստատելու ուղիները

- էլեկտրոնային հասցե ([email protected]),

- սոցիալական էջեր (Facebook, X),

- +972 58 607-0313 հեռախոսահամար։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:

Sputnik Արմենիա