Ադրբեջանը Հայաստանից սպասում է «քայլ» այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
«Մենք ապահովել ենք անվտանգություն և կայունություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ համապարփակ քննարկումների և միջանցքների անբաժանելի մասը»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական - Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը «Միջին միջանցք. կյանքի նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գծեր» (The Middle Corridor: A New Geopolitical and Economic Lifeline?) պանելային բանավեճում, «GLOBSEC Forum 2025»-ի շրջանակում (Պրահա), տեղեկացրել է APA-ն։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը «ապահովել է տարածաշրջանի անվտանգությունը»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ունի ակնկալիքներ։
«Երբ Ադրբեջանի տարածքները օկուպացիայի տակ էին, մենք հարաբերությունները դիտարկում էինք միայն հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում։ Հակամարտության կարգավորումից հետո մենք կարծում ենք, որ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը երկրում անվտանգությունն ու կայունությունն է։ Սա անհրաժեշտ է այս միջանցքի լիարժեք և արդյունավետ գործունեության համար։ Մենք ապահովել ենք անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում անցկացվող համապարփակ քննարկումների և միջանցքների անբաժանելի մասը։ Սա հնարավոր է։ Եվ մենք, բնականաբար, սպասումներ ունենք Հայաստանից։ Հայաստանը Նախիջևանը շրջափակման մեջ է պահել 30 տարի։ Եվ հիմա մենք սպասում ենք, որ նրանք կանեն առաջին կարևոր քայլը, այսինքն՝ քայլ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ «Միջանցք» բառը նյարդայնացնում է իմ գործընկերներին Հայաստանում։ «Թող անվանեն այն, ինչ ուզում են։ Բայց նախ մենք ուզում ենք կապ հաստատել Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Նախիջևանի հետ կապ հաստատելուց հետո, կարծում եմ, Հայաստանի համար կարող են բացվել նաև այլ հնարավորություններ։ Մենք ուզում ենք տեսնել Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտի մաս կազմող կառույցում»,- ասել է Հաջիևը։
News.am