Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է դադարեցնել ռմբակոծությունը, եթե Իրանն ընդունի միջուկային ծրագրի ԱՄՆ-ի պահանջները
Իսրայելը պատրաստ է դադարեցնել իր արշավը, եթե Իրանն ընդունի իր միջուկային ծրագիրը սահմանափակելու ԱՄՆ-ի պահանջները, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Խնդիրը մեր գոյությանը սպառնացող գործողությունները դադարեցնելն է։ Եվ մենք մտադիր ենք դրանք դադարեցնել։ Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրանց հասնել,- հարցազրույցում ասել է նա։- Այժմ, եթե նրանք պատրաստ են ընդունել նախագահ Թրամփի պայմանները, դա այլ հարց է»։
Հակառակ դեպքում, ըստ նրա, «ամեն ինչ կավարտվի, երբ մենք վերացնենք այդ հզորությունները, իսկ մենք դա կանենք»։
Նեթանյահուն նաև հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա իսրայելական հարվածի վրա։
«Այնքան շատ կեղծ հաղորդագրություններ կան զրույցների մասին, որոնք երբեք չեն եղել, և ես չեմ պատրաստվում մանրամասների մեջ խորանալ։ Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ, իմ կարծիքով, մենք անում ենք այն, ինչ պետք է»,- ասել է նա։
Ըստ Նեթանյահուի, Իսրայելը ԱՄՆ-ին է ներկայացրել հետախուզական տվյալներ այն մասին, որ Իրանն իբր միջուկային զենք է ստեղծում։
«Բացարձակապես պարզ էր, որ նրանք աշխատում են ուրանը զենքի վերածելու գաղտնի ծրագրի վրա։ Նրանք շատ արագ էին շարժվում։ Նրանք փորձնական և, հնարավոր է, նախնական սարք կստանան մի քանի ամսվա ընթացքում և, իհարկե, մեկ տարուց էլ պակաս ժամանակում։ Սա այն տեղեկատվությունն էր, որը մենք ներկայացրել ենք Միացյալ Նահանգներինտ»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նա նաև մեղադրել է Իրանին եմենցի հութիներին միջուկային զենք փոխանցելու ծրագրեր մշակելու մեջ։
«Իսրայելը և ԱՄՆ-ն լիովին համակարգված են։ Ես մշտական կապ եմ պահպանել նախագահ Թրամփի հետ։ Մենք միմյանց երկար տարիներ գիտենք։ Եվ, ակնհայտորեն, նախապես տեղեկացրել ենք մեր ամերիկացի բարեկամներին և նախագահ Թրամփին՝ մեր մեծ բարեկամին։ Մենք դա արել ենք»,- հայտարարել է Նեթանյահուն։
Նեթանյահուն նաև Թրամփին անվանել է Իրանի «թիվ մեկ թշնամին»։
«Նա վճռական առաջնորդ է։ Երբեք չի գնացել այն ճանապարհով, որով գնացել են մյուսները, և չի փորձել նրանց հետ թույլ առևտուր անել՝ նրանց տրամադրելով, ըստ էության, ուրանի հարստացման ճանապարհ, ինչը նշանակում է ռումբ ստեղծելու ճանապարհ՝ դրա մեջ ներդնելով միլիարդավոր դոլարներ։ Նա վերցրեց այդ կեղծ համաձայնագիրը և, ըստ էության, պատռեց այն։ Նա սպանեց Քասեմ Սոլեյմանիին»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Հարցին, թե արդյոք Իսրայելը հնարավորություններ ունի ոչնչացնելու Իրանի ստորգետնյա օբյեկտները, Նեթանյահուն պատասխանել է. «Մենք, անկասկած, քիչ բան չենք արել։ Մենք ոչնչացրել ենք Նաթանզի գլխավոր օբյեկտը։ Դա ուրանի հարստացման հիմնական օբյեկտն է։ Եվ եթե մեզ անհրաժեշտ լինի, մենք կավելացնենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Բայց այո, մենք ձգտում ենք հասնել երկու նպատակներին էլ։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ մեր բոլոր խնդիրներին։ Չեմ ուզում խորանալ կոնկրետ օպերատիվ ծրագրերի մեջ։ Մենք նաև քիչ ստարտափներ չունենք և թևքի տակ էլ՝ քիչ հաղթաթղթեր»։
Նեթանյահուն հավելել է, որ իրանցիները «բացարձակապես զարմացած էին» Իսրայելի գործողությունից։ «Այսպիսով, մենք ազատ մայրուղի ունենք դեպի Թեհրան, և այժմ կարող ենք խոցել այն թիրախները, որոնք մեզ անհրաժեշտ են Թեհրանում և այլ վայրերում՝ չվախենալով, որ մեր ինքնաթիռը կխոցվեն»,- հավելել է նա։
News.am