Աշտարակի խճուղում լրագրողին հարվածած կարմիրբերետավորն ազատվել է ծառայությունից

Այսօր քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառած կարմիրբերետավորն ազատվել է ծառայությունից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել էր ոստիկանության ծառայողի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը։ Պաշտպանը պահանջել էր, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով:

Հիշեցնենք` պռոշյանցիներն ու քասախցիները ապրիլի 5-ից պահանջում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։

Այսօր նրանք կրկին ակցիա էին անում` պահանջելով երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը։

Sputnik Արմենիա