Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է

Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նախարարությունն ու ՊԵԿ–ը անընդհատ տվյալներ են ստանում վրացի գործընկերներից այն մասին, թե քանի մեքենա է անցել Ռուսաստան Վրաստանի տարածքով և քանիսն են մնացել: Պապոյանը նշեց, որ այսօր նամակ է ստացել վրացի գործընկերներից, և նրանք խոստացել են օրվա ընթացքում զանգահարել` քննարկելու հարցը:

Որոշ ժամանակ մեքենաներն ընդհանրապես չէին անցնում, ապա 1-2 օր անցման արագությունը բավարարում էր հայկական կողմին: Նախարարը նշեց, որ հիմա տեմպը դանդաղ է՝ օրական մի քանի մեքենա:

«Մենք կատարում ենք բոլոր պայմանավորվածությունները և ակնկալում ենք, որ վրացի գործընկերները ևս կկատարեն իրենց մասը», – հայտարարեց նախարարը։

Sputnik Արմենիա