Ֆրանսիան փակել է իսրայելական պաշտպանական ընկերությունների տաղավարները Փարիզի ավիաշոուում. Իսրայելը կատաղած է
Ֆրանսիան հրամայել է փակել չորս խոշոր իսրայելական պաշտպանական ընկերությունների տաղավարները Փարիզի ավիաշոուում, այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հեռացնել հարձակողական զենքերը իրենց ցուցադրություններից: Այս որոշումը Իսրայելի կողմից սուր արձագանք է առաջացրել և ավանդական դաշնակիցների միջև լարվածության վերջին նշանն է:
Ռոյթերսի աղբյուրը հայտնել է, որ հրամանը տրվել է ֆրանսիական իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ իսրայելական ընկերությունները անտեսել են Ֆրանսիայի անվտանգության գործակալության պահանջը՝ հեռացնել հարձակողական (կինետիկ) զենքերը իրենց ցուցադրություններից:
Սահմանափակումներից տուժած տաղավարների թվում են Elbit Systems-ը, Rafael-ը, Israel Aerospace Industries (IAI)-ը և Uvision-ը: Իսրայելի երեք փոքր տաղավարներ, որոնք չէին ցուցադրում զենք, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության նախարարության տաղավարը, մնացել են բաց:
Ֆրանսիան, որը երկար ժամանակ համարվում էր Իսրայելի հուսալի դաշնակից, վերջին ամիսներին կոշտացրել է իր դիրքորոշումը Բենիամին Նեթանյահուի կառավարության նկատմամբ, մասնավորապես՝ Ղազայում և դրանից դուրս ռազմական գործողությունների համատեքստում: Անցյալ շաբաթ նախագահ Էմանուել Մակրոնը տարբերակում է մտցրել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի, որը Ֆրանսիան աջակցում է, և Իրանի վրա հարվածների միջև, որոնք Փարիզը չի հավանում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կտրականապես հրաժարվել է զենքը հանել տաղավարներից։ Ի պատասխան՝ ցուցահանդեսի կազմակերպիչները տեղադրել են սև միջնապատեր՝ տեսողականորեն մեկուսացնելով իսրայելական տաղավարները մնացածից։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ դա արվել է գիշերը, երբ բոլոր ցուցանմուշները արդեն լիովին տեղադրված էին։
«Այս անպատեհ և աննախադեպ որոշումը թելադրված է քաղաքականությամբ և առևտրային շահերով», - ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիան թաքնվում է ենթադրաբար քաղաքական նկատառումների հետևում՝ միջազգային ցուցահանդեսից բացառելու համար իսրայելական հարձակողական զենքերը, որոնք մրցակցում են ֆրանսիական արտադրողների հետ»։
IAI-ի նախագահ և գործադիր տնօրեն Բոազ Լևին ասել է, որ սև միջնապատերը հիշեցնում են «մութ ժամանակները, երբ հրեաները մեկուսացված էին եվրոպական հասարակությունից»։
Ռաֆայելը նույնպես դատապարտել է ֆրանսիական գործողությունները՝ դրանք անվանելով «աննախադեպ, անհիմն և քաղաքականապես դրդապատճառներով»։
Ավիացիոն շոուի կազմակերպիչները հայտարարել են, որ բանակցություններ են վարում կողմերի հետ՝ «ներկայիս իրավիճակի համար բարենպաստ լուծում» գտնելու համար։
News.am