ՆԳՆ․ Քասախի բնակիչների ակցիայից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Հունիսի 16-ին Քասախի բնակիչների ակցիայից բերման ենթարկված բոլոր 11 անձինք ազատ են արձակվել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քասախի բնակիչները հունիսի 16-ին փակել էին Երևան-Աշտարակ խճուղին՝ պահանջելով վերականգնել 59 համարի երթուղու աշխատանքը դեպի բնակավայր և պատշաճ տրանսպորտային ծառայություն ապահովել բնակիչների համար։ Ոստիկանության հետ բախումից հետո, ինչի հետևանքով 11 քաղաքացի էր բերման ենթարկվել, ցուցարարները բացել էին ճանապարհը։

Ապրիլի 5-ին և հունիսի 5-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը: Ապրիլի 10-ին Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել 59 ավտոբուսային երթուղիների կրճատման և տրանսպորտի վարձը բարձրացնելու որոշումները։

ՏԿԵ նախարարությունը համայնքներին առաջարկել էր 50 դրամով նվազեցնել ճանապարհածախսը՝ դարձնելով 200 դրամ Պռոշյանի և 150 դրամ՝ Քասախի համար։ Բացի այդ, նախարարությունն առաջարկել էր տրանսպորտին հասանելիություն՝ բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, իսկ Երևանում՝ վերջնակետի փոփոխություն։