«Ալիք»-ի խմբագիր․ Իրանում խուճապ չկա, հայերը զանգվածաբար չեն լքում երկիրը

Սպահանի հայ համայնքը շարունակում է ապրել սովորական առօրյայով` չնայած Նաթանզին՝ տարածաշրջանում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությանը հասցված հարվածներին։ Հայալեզու «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է խմբագրության գրասենյակի ավերվելու և տեղի բնակիչներին տարհանելու մասին լուրերը։

«Ալիքի» գրասենյակից մի քանի շենք հեռավորության վրա, այո, քանդվել է մի շենք, և այդ հարվածի ալիքը կոտրել է գրասենյակի ապակիները: Հետևանքները սահմանափակվել են միայն շենքի պատուհանների պայթեցմամբ և մուտքի դռան փոքր վնասմամբ։ Բարեբախտաբար, աշխատողների ոչ խմբագրական, ոչ վարչական խումբը չի տուժել։ Վնասվել են նաև մալուխները, ինչի պատճառով խմբագրությունում ինտերնետ չկա»,– ասաց խմբագիրը։

Նրա խոսքով՝ այդ խնդիրները վերականգնելու համար մի քանի օր կպահանջվի, և դրանից հետո թերթի տպագիր տարբերակը կվերսկսվի հրատարակվել։ Կայքը և «Ինստագրամը» աշխատում են ինչպես նախկինում:

Հայ համայնքի կրթական և մշակութային կյանքը ժամանակավորապես դադարեցվել է, բայց բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար: Ոչ մի ճգնաժամ ու խուճապ երկրում չկա, վստահեցնում է Շահնազարյանը։ Երկիրը զանգվածային իրանցիները չեն լքում, հայերը՝ նույնպես։ Տարածվող կադրերը հասարակության վրա հոգեբանական ճնշման փորձ են։

«Մենք՝ որպես իրանական հասարակության մաս, մշտական կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Երկրի ղեկավարությունը նույնպես ուշադիր հետևում է, որպեսզի հայ համայնքը որևէ խնդիր չունենա։ Տարածվող տեսանյութերն այն մասին, որ մարդիկ զանգվածաբար հեռանում են Թեհրանից, պետք է ստուգել աղբյուրի իսկությունը, քանի որ դրանք կարող են հին կադրեր լինել. Իրանում մի սովորույթ կա` հենց արձակուրդներ են լինում, իրանցիները Կասպից ծով են մեկնում: Իհարկե, կան մարդիկ, ովքեր հեռանում են, բայց խոսել այն մասին, որ Թեհրանը վերածվել է ուրվականների քաղաքի և բազմամիլիոնանոց մեգապոլիսը լքում են, նման բան չկա ոչ Թեհրանում, ոչ էլ Իրանի այլ քաղաքներում։ Խուճապային տրամադրություններ ոչ մի տեղ չկան, լարվածություն ու սպասողական, այո, կա»,– ասաց Շահնազարյանը։

Նա նաև հաստատել է, որ տուժածների թվում հայեր չկան։

Սպահանը Թեհրանից հետո Իրանի հայ համայնքի թվով երկրորդ քաղաքն է։ Հունիսի 13–ին Նաթանզում (Սպահանից ոչ հեռու) ուրանի հարստացման ձեռնարկությունը հարձակման է ենթարկվել իսրայելական կողմից։