Իրանից ՀՀ մարդկանց հոսքն ավելացե՞լ է. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պատասխանը

Իրանահայերի հոսք այս պահին չկա, բայց ՀՀ մեկնելու որոշումն օրեցօր ավելի է հասունանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշեց, որ հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է իրանահայ համայնքի տարբեր կառույցների հետ։

«Մեր հայրենակիցները շատ անհանգիստ վիճակում են։ Մի մասը քաղաքների կենտրոնական հատվածներից հեռացել են, որպեսզի հեռու լինեն հնարավոր թիրախներից, գնացել են, ասենք, ամառանոցային վայրեր, այլ բնակավայրեր։ Բայց ընդհանուր առմամբ մարդիկ անհանգիստ են, և արդեն սկսում են խոսել Հայաստան մեկնելու հնարավորության մասին»,– ասաց նա։

Սինանյանի տվյալներով` Իրանում ներկա պահին 40-50 հազար հայ կա։ Թե նրանցից քանիսը ցանկություն կունենա Հայաստան գալու, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը դժվարանում է ասել. դա կախված է հետագա զարգացումների և էսկալացիայի մակարդակից։

Ինչ վերաբերում է Հայաստանի` իրանահայերին ընդունելու հնարավորություններին, Սինանյանի գնահատմամբ` դա ևս կախված է նրանից, թե ինչ ծավալի ներհոսք կունենանք։

«Իհարկե, վերջին տարիներին Հայաստանը որոշակի փորձ է ձեռք բերել մեծ ծավալով մարդկանց ընդունելու։ Բայց բնական է, որ երբ հոսքը լինի, պետությունը պետք է ուժերը մոբիլիզացնի և կարողանա մարդկանց պատշաճ ձևով ընդունել» ,– ասաց Սինանյանը։

Հանձնակատարի գրասենյակի տեղեկություններով` Իրանից դեպի Հայաստան որոշակի քանակի ներհոսք այսօր էլ կա, բայց ժամանողները հիմնականում ոչ թե հայեր են, այլ իրանցիներ։

«Մեզ այդպես են ներկայացնում, որ մեքենաների հոսքը դեպի Հայաստան ավելացել է»,– նշեց Սինանյանը։

Ինչ վերաբերում է Իսրայելից հայերի հնարավոր ներհոսքին, նա քիչ հավանական է համարում` շեշտելով, որ այդ երկիրը տասնամյակներով պատրաստվել է հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելուն։ Երկիրն ապահովված է ապաստարաններով։ Մարդիկ ցանկացած տագնապային իրավիճակում առաջին հերթին հենց ապաստարաններում են պատսպարվում, հետևաբար ռիսկը քաղաքացիական բնակչության համար, նրա խոսքով, ավելի փոքր է։