«Պետության և եկեղեցու հարաբերությունները» համաժողովի մասնակիցները հայտարարություն են արել

Սահմանադրական իրավասու մարմիններից պահանջում ենք, որ համարժեք միջոցներ ձեռնարկեն՝ վարչապետի և նրան հարող անձանց հակաօրինական քայլերն անհապաղ կանխարգելելու և արձանագրված դեպքերի առնչությամբ համապատասխան հակազդեցության միջոցներ կիրառելու նպատակով: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը տարածել են «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» համաժողովի մասնակիցները։

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թիրախավորել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին և այլ բարձրաստիճան հոգևորականների։ Վարչապետը պարբերաբար գրառումներ է անում սոցցանցերում` պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսից կա՛մ հրապարակայնորեն հայտարարել, որ չի ժխտել կուսակրոնության ուխտը, կա՛մ լքել վեհարանը։

«Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հընթացս Ամենայն հայոց կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հրապարակայնորեն հնչեցնելով սպառնալիքներ, արժանապատվությունը վիրավորող ու մարդու իրավունքները ոտնահարող արտահայտություններ՝ միաժամանակ կոպտորեն խախտելով հանրային էթիկայի նորմերը»,–ասվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, այլ հասարակական գործիչներ ու իրավապաշտպաններ:

Նշվում է, որ տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների և մեր անմիջական հարևանությամբ ծավալվող խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում փոխանակ լծվելու երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը և պետական ու հանրային դիմադրողականության ամրապնդմանը, ուղղակի ողբերգական է, որ Հայաստանի իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ:

«Փաստացի, նախաձեռնված է եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ, որն ունի համակարգված բնույթ և տեղի է ունենում վարչապետի կարգավիճակի անօրինական գործադրմամբ կամ չարաշահումով»–ասվում է հայտարարության մեջ:

«Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» համաժողովի մասնակիցների կարծիքով` այս գործողություններն ակնհայտորեն հակասահմանադրական են և կոպտորեն ոտնահարում են մարդու անձնական կյանքի իրավունքի պաշտպանության միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պահանջները:

Համաժողովի մասնակիցները նշում են, որ եկեղեցին ունի իր ներքին կառավարման իրավունքը՝ դարերի ընթացքում ձևավորված կանոններով ու սրբազան ավանդույթներով, և որևէ պետական մարմին կամ պաշտոնյա եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասություն չունի:

Նրանք կարծում են նաև, որ այս գործողությունները, որոնք ուղղված են եկեղեցու և ազգային շահերի դեմ, խորացնում են հանրության մեջ պառակտումն ու բաժանարար գծերը՝ թուլացնելով և վերացնելով պետության դիմադրողականությունը:

«Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ»–ասվում է հայտարարության մեջ:

Համաժողովի մասնակիցների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր իրավական բոլոր միջոցներն օգտագործվելու են` ապահովելու համար եկեղեցու ու ազգային նվիրական արժեքների իրավական պաշտպանությունը և զերծ պահելու դրանք բոլոր տեսակի ոտնձգություններից:

Sputnik Արմենիա